Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրներին

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ուսումնական ծրագրի՝ Հակակոռուպցիոն դպրոցի 20 ունկնդիրներին:

Վարպետաց դասերի և պրակտիկ հմտությունների փուլի շրջանակում Հակակոռուպցիոն դպրոցի շուրջ 20 ունկնդիրներն այցելություններ են իրականացնում ոլորտային պատկան մարմիններ և հանդիպում ղեկավարների հետ։ Այցելությունների և հանդիպումների նպատակն է ծանոթանալ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի մարմիններին և նպաստել ոլորտային գիտելիքների զարգացմանը։

Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից հանդիպմանն առցանց ձևաչափով միացած մասնակցին, և հույս հայտնել, որ հաջորդ հանդիպումներին վերջինս հնարավորություն կունենա մասնակցելու առդեմ:

ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է հակակոռուպցիոն կրթության վերաբերյալ պետական քաղաքականությունը, ոլորտում արված աշխատանքներն ու խնդիրները, պատասխանել Հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրների հարցերին:

«Գաղտնիք չէ, որ կոռուպցիայի դեմ պայքարի ամենակարևոր գործիքը կրթությունն է, որով զինում ենք մեր երեխաներին՝ համապատասխան իրավիճակներում ճիշտ վարվելու համար»,-նշել է նախարարը՝ ներկաներին տեղեկացնելով, որ այս ուսումնական տարվանից բոլոր դպրոցներում փուլային եղանակով կներդրվի հանրակրթության նոր պետական նոր չափորոշիչը: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև հակակոռուպցիոն կրթությանը. «Հակակոռուպցիոն կրթության ամենապարզ ձևը իրազեկումն է, գիտելիքի փոխանցումը, սակայն մեր բուն խնդիրն է վարքականոնի ձևավորումը: Նոր չափորոշչի առանցքային փոփոխությունն այն է, որ սովորողին պետք է տալ ոչ միայն գիտելիք, այլև արժեքներ, դիրքորոշում, վերաբերմունք, ինչը ենթադրում է համալիր կրթություն: Այս իմաստով ձևավորվում է նաև հակակոռուպցիոն կրթության վարքականոն»:

Խոսելով կրթության կազմակերպման ճիշտ ձևերի, կոռուպցիայի կանխարգելման ճանապարհների մասին՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է աշխատանքի՝ համակարգային կազմակերպման անհրաժեշտությունը, և համակարգի՝ մեկ անձից կախվածություն ունենալու բացառումը: Որպես ոլորտում համակարգային լուծման օրինակ՝ նախարարը նշել է թվայնացման գործընթացը, որը COVID-19 համավարակի շրջանում օբյեկտիվ լուծում էր՝ ուսումնական գործընթացի կազմակերպման համար:

«Թվայնացումը շատ խնդիրներ ավելի տեսանելի դարձրեց, և ըստ այդմ՝ լուծման ուղղությունները ևս ավելի պարզ դարձան: Առաջինը թվայնացվեց գնահատման համակարգը, ինչը կանխում է անառողջ շատ գործընթացներ: Անցած տարվանից թվայնացվել են նաև ատեստատները, ինչը ևս նվազեցնում է գործընթացում մարդկային գործոնը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և նշել, որ փոփոխություններն արվում են նաև գործարկվող մեխանիզմները լավարկելու նպատակով: Նա ընդգծել է օրենսդրությանը հետևելու կարևորությունը և շարունակական բարեփոխումների անհրաժեշտությունը՝ հանրության կյանքը բարելավելու նպատակով:

«Ցանկացած գործընթացում հաջողության հասնելու և արդյունք տեսնելու համար կարևոր է հասարակության և պետության փոխվստահությունը»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:

Հաջորդիվ ներկաները Ժաննա Անդրեասյանին են հղել իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերել են ոլորտում կոռուպցիոն ռիսկերին, կրթական գործընթացի կազմակերպման արդյունավետությանը և այլն: Ունկնդիրները, մասնավորապես, անդրադարձել են բուհերի ընդունելության քննությունների կազմակերպմանը, տարկետման տեղերի հատկացմանը, ուսանողների շահերի պաշտպանությանը, ՄԿՈՒ հաստատությունների ֆինանսավորման կարգին, դպրոցներում էկոակումբներ բացելու հնարավորություններին և այլն:

Ժաննա Անդրեասյանը սպառիչ պատասխաններ է տվել ունկնդիրներին և շնորհակալություն հայտնել ոլորտի բովանդակությանը խորապես ծանոթանալու ու կառուցողական հարցերի համար:

Նշենք, որ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ուսումնական ծրագիրն (Հակակոռուպցիոն դպրոց) իրականացնում է Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ)՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ և Iravaban.net մասնագիտական առցանց մեդիայի տեղեկատվական աջակցությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում