Համատեղել ջանքերը Սևանի պահպանության հարցում. հանդիպում Գեղարքունիքի մարզում գործող ՀԿ ներկայացուցիչների հետ
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպել է Գեղարքունիքի մարզում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների հետ՝ քննարկելու 5 հանրային լողափերի բարեկարգման, կահավորման և սպասարկման նպատակով տրամադրման համար մրցույթի անցկացման կարգը, որով սահմանվել են դրանց սպասարկման պայմանները, նախատեսվող անվճար ծառայությունների ցանկը և այլ ընթացակարգերը։ Քննարկվեց նաև լճի հարակից համայնքներում ծրագրեր ներգրավելու հնարավորությունները, որոնք կօգնեն մեղմել մարդածին ազդեցությունը լճի վրա։
Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:
Նախքան հանդիպման օրակարգային հարցերին անցնելը, նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել հանդիպման առաջարկը ընդունելու համար։
«Սևանա լիճը Հայաստանի Հանրապետության համար ունի չափազանց կարևոր նշանակություն որպես տարածաշրջանային բարձրլեռնային քաղցրահամ ջրի ամենամեծ պաշար: Այն մեզ համար առաջնային նշանակություն ունեցող բնական պաշար է, որի պահպանության գործում պետք է համատեղել բոլոր ջանքերը։ Լճի էկոհամակարգի առողջացման և վերականգնման ճանապարհին պակաս կարևոր չէ նվազեցնել մարդածին ազդեցությունը և ճնշումը լճի վրա, որի համար մենք քաղաքացիական հասարակության և բնապահպանական հանրության աջակցության կարիքն ունենք։
Դուք բոլորդ Ձեր գործունեությամբ արդեն իսկ մեծ ջանքեր եք ներդնում Սևանա լճի պահպանության գործում՝ ստեղծում եք աշխատատեղեր, տարբեր ծրագրեր եք կյանքի կոչում, և ի վերջո, անընդհատ մեր քաղաքացիների ուշադրությունը հրավիրում եք Սևանի ու նրա խնդիրների վրա։ Ինչի համար ևս շնորհակալ ենք ձեզ»,-նշել է նախարարի տեղակալը։
Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը հասարակական կազմակերպությունների ներկայացրել է Սևանա լճի հանրային լողափերի բարեկարգման, կահավորման և սպասարկման կարգը ու հայտերի ընդունմանը ներկայացվող պահանջները։ Հնչել են մի շարք առաջարկներ, որոնք ուսումնասիրությունից հետո կներառվեն նախագծում։
Ոսկեհատ Գրիգորյանը նշել է, որ նախարարության՝ որպես ոլորտի քաղաքականություն մշակող մարմնի համար, չափազանց կարևոր է հենվել տարածաշրջանում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներուժի վրա թե՛ համատեղ ծրագրեր իրականացնելու, և թե՛ արդեն ընթացքի մեջ գտնվող ծրագրերի հաջող ընթացքն ապահովելու համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Սևանա լճին առնչվող խնդիրների լայն շրջանակ՝ արդյունագործական ձկնորսության կազմակերպումից մինչև կեղտաջրերի մաքրման համակարգեր ու նախարարության համակարգմամբ իրականացվող միջազգային ծրագրեր։
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը կարևորել է Սևանա լճին ուղղված ծրագրերի շուրջ դրական միջավայրի ու տրամադրությունների ստեղծումը, ինչն է իր հերթին կնպաստի ոլորտին ուղղված ներդրումային դաշտի լավարկմանը։
Հանդիպման ավարտին նախարարի տեղակալն իր գոհունակությունն է հայտնել ծավալված քննարկման առթիվ։ Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ևս իրենց գոհունակությունն են հայտնել իր ձևաչափի մեջ առաջին նման հանդիպման առթիվ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում նմանատիպ քննարկում-հանդիպում կազմակերպել արդեն համայնքներից մեկում նախարար Հակոբ Սիմիդյանի մասնակցությամբ:
Կարծիքներ