Ալեն Սիմոնյանը Թիերի Ռիբոյի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող գերեվարված անձանց ու անհետ կորածներին առնչվող հարցեր
Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարևորել է Հայաստանում ԿԽՄԿ-ի մարդասիրական գործունեությունը և նշել, որ պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը՝ նպաստելու մի շարք խնդիրների արդյունավետ և արագ լուծմանը:
Թիերի Ռիբոն ԱԺ նախագահին ներկայացրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության հիմնական նպատակները և ուղղությունները, մանրամասնել իր ղեկավարած կառույցի առաքելությունն արցախյան հակամարտության առնչությամբ՝ հատկապես վերջին տարվա ընթացքում:
Կողմերը քննարկել են Ադրբեջանում պահվող գերեվարված անձանց ու անհետ կորածներին առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել նաև 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին:
Թիերի Ռիբոն նշել է, որ կառույցի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում են զոհվածների, անհետ կորածների և ազատազրկված անձանց ընտանիքների հետ, պարբերական այցերի միջոցով հետևում Ադրբեջանում գտնվող մեր հայրենակիցների պահման պայմաններին: Այդ աշխատանքի նպատակներից է նաև կանխել գերեվարվածների անհետացումը և օգնել նրանց պահել կապը հարազատների հետ:
Տեղեկացնենք, որ ԿԽՄԿ-ն իրականացնում է բացառապես մարդասիրական և ապաքաղաքական գործունեություն հակամարտության առնչությամբ` աշխատելով տարածաշրջանում 1992 թվականից Երևանում, Բաքվում ու Լեռնային Ղարաբաղում իր գրասենյակների միջոցով:
Կարծիքներ