Վրաստանում դպրոցները կբացվեն սեպտեմբերի 15-ին
Վրաստանի պետական դպրոցներում, ինչպես նաև պետական բուհերում ուսումնական գործընթացը կսկսվի սեպտեմբերի 15-ին, չորեքշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է երկրի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխայիլ Չխենկելին:
Կորոնավիրուսի համավարակի պատճառով Վրաստանի բոլոր ուսումնական հաստատություններում մարտի 2-ից դադարեցվել է ուսումնական գործընթացը, իսկ դրանք վերսկսելու ամսաթիվը հետաձգվել է երեք անգամ: Վարչապետ Գեորգի Գախարիան ապրիլի 24-ին հայտարարեց, որ Վրաստանում գործող բոլոր ուսումնական հաստատությունները չեն վերսկսելու աշխատանքը մինչև սեպտեմբեր:
«Դպրոցները կբացվեն և սովորական ռեժիմով կաշխատեն սեպտեմբերի 15-ից, ինչպես նաև ուսումնական տարին լսարաններում կսկսվի նաև համալսարաններում»,- ասել է Չխենկելին:
Նա նշել է, որ իշխանությունները կարող են փոխել այս որոշումը՝ ելնելով երկրում տիրող համաճարակաբանական իրավիճակից:
«Իհարկե, մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի … Կրթական համակարգը կհարմարվի այն համաճարակաբանական իրավիճակին, որն այդ ժամանակ կլինի երկրում»,- ասել է նախարարը:
Կարծիքներ