Տավուշում դիտարկվել են հիմնանորոգման ենթակա ճանապարհահատվածները
Աշխատանքային այցով Տավուշի մարզում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադիրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, Դիլիջանի և Իջևանի համայնքապետերի ուղեկցությամբ դիտարկել է մի շարք ճանապարհահատվածներ, որոնք ներառված են ՀՀ պետական բյուջեով հիմնանորոգվող օբյեկտների ցանկում։
Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտը:
Մասնավորապես, դիտարկվել են Մ-4, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի կմ 103+900 և կմ 104+300 հատվածներում գտնվող կամուրջները, որոնց վերանորոգումը նախատեսված է 2022 թվականին։
Հաջորդ կանգառը Իջևանի քաղաքում է եղել, որտեղ 2021 թվականին հիմնանորոգվել է Սարիբեկ Օհանյան փողոցի 1.148կմ հատվածը։
Նախարարն այցելել է նաև Իջևանից Բերդ տանող ճանապարհ (Հ-36, /Մ-4/ (Իջևան) - Նավուր - Բերդ – Այգեպար), որի երկու հատվածները՝ մոտ 35 կմ ընդհանուր երկարությամբ, նախատեսված է հիմնանորոգել 2022 թվականին։ Այն այժմ գրունտային է։
Հիմնանորոգման արդյունքում կլինի ասֆալտապատ ճանապարհ։
Կարծիքներ