Ջորջիայի նահանգապետն անկարգությունների պատճառով արտակարգ դրություն է հայտարարել՝ մոբիլիզացնելով Ազգային գվարդիայի ուժերը
ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում սկսված անկարգությունների պատճառով նահանգապետ Բրայան Քեմփն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել և մոբիլիզացրել Ազգային գվարդիայի զինվորներին, հաղորդում է CNN հեռուստաալիքը։
Նշվում է, որ քաղաքում վերահսկողություն կսահմանի Ազգային գվարդիայի առնվազն հազար զինվոր: Նահանգապետի խոսքով՝ իշխանությունները ստիպված են եղել նման միջոցների դիմել անցած հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգությունների և հրաձգությունների պատճառով, որոնց հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ, եղել է հինգ զոհ։
«Մեր նահանգի մայրաքաղաքում ապօրինությունը պետք է դադարեցվի, անհրաժեշտ է կարգուկանոն հաստատել։ Ես հայտարարել եմ արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին, քանի որ մեր քաղաքացիների անվտանգությունը մեզ համար առաջնային նշանակություն ունի»,-ասել է նահանգապետը։
Մինչ այդ նա Ազգային գվարդիայի օգնությանը դիմել էր մայիսին՝ Մինեսոտա նահանգում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո սկսված զանգվածային բողոքի ակցիաների պատճառով: Ջորջիայում անկարգությունները սաստկացել էին, երբ հունիսի 12-ին Ատլանտայում ոստիկանը ձերբակալության ժամանակ կրակել էր աֆրոամերիկացի Ռեյշարդ Բրուքսի վրա: Բժիշկներին չէր հաջողվել փրկել նրա կյանքը։
Կարծիքներ