Իլոն Մասկի կարողությունը կրկին ավելացել է ավելի քան 12 մլրդ դոլարով
Ամերիկացի գործարար Իլոն Մասկին պատկանող Tesla ընկերության բաժնետոմսերը կտրուկ աճ են գրանցել երեքշաբթի առավոտյան կայացած աճուրդում, ինչի շնորհիվ գործարարի կարողությունը կրկին ավելացել է ավելի քան 12 մլրդ դոլարով:
Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին վկայում են Nasdaq բորսայում ներկայացված տվյալները, որտեղ բարձրտեխնոլոգիական ընկերությունների արժեթղթերի աճուրդ է իրականացվում:
Էլեկտրամեքենաներ արտադրող ընկերության բաժնետոմսերի գինը նվազել էր անցյալ շաբաթվա ընթացքում: Առանձնապես շեշտակի անկում է արձանագրվել երկուշաբթի, երբ արժեթղթերն էժանացել էին 5.84 տոկոսով: Ընկերության կապիտալիզացիան նվազել էր հասնելով 540.4 մլրդ դոլարի, այսինքն՝ հունվարի սկզբին արձանագրված առավելագույն ցուցանիշից մեկ երրորդով ցածր: Այն ժամանակ ընկերության կապիտալիզացիան կազմել էր մոտ 850 մլրդ դոլար: Մասկի կարողությունը նվազել էր 27 մլրդ դոլարով:
Սակայն այսօր բաժնետոմսերի գինը 15 տոկոսի աճ է գրանցել, մեկ բաժնետոմսը գնահատվել է 645 դոլար: Կապիտալիզացիան հասել է 608.5 մլրդ-ի: Մասկի կարողությունն ավելացել է 12 մլրդ դոլարով, սակայն նա դեռ ավելի քան 10 մլրդ-ով զիջում է աշխարհի ամենահարուստ մարդուն՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին:
Կարծիքներ