Սահմանի ճշգրտման վերաբերյալ Ադրբեջանը բարձրացնում է 4, Հայաստանը՝ 32 գյուղի հարց. վարչապետ

Սահմանի ճշգրտման վերաբերյալ Ադրբեջանը բարձրացնում է 4, Հայաստանը՝ 32 գյուղի հարց. վարչապետ

Հայ-ադրբեջանական սահմանի ճշգրտման վերաբերյալ Ադրբեջանը բարձրացնում է 4 գյուղի հարց, ՀՀ- էլ բարձրացնում է 32 գյուղի հարց, որոնց կենսական նշանակություն ունեցող տարածքները օկուպացված են, այդ թվում Գեղարքունիքի մարզում:

Այս մասին այսօր Գավառում կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանը, քանի որ հավատարիմ է Ալմաթիի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելուն, ասում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև օկուպացված տարածքներ չպետք է լինեն:

«Հետևաբար այնտեղ, որտեղ պարզվի, որ Հայաստանն է ինչ -որ տարածքներ հսկողության տակ պահում, որը դե յուրե պատկանում է Ադրբեջանին, պետք է այդ տարածքներից Հայաստանը դուրս գա, իսկ այն տարածքները, որոնք դե յուրե պատկանում են Հայաստանին, և Ադրբեջանը պահում է տիրապետության տակ, ապա  Ադրբեջանը պետք է դուրս գա։

Սա քաղաքական պայմանավորվածությունն է, որն արձանագրվել է, բայց սա գործնականում հնարավոր չէ իրագործել առանց փոխադարձ համաձայնեցված քարտեզի, որովհետև ինչպե՞ս որոշենք,  սա ՀՀ տարածք է, թե Ադրբեջանի։ Դրա համար մեկ ձև կա. Ալմաթիի հռչակագրի վրա հենվելով սեղանի վրա դնել Ալմաթիի հռչակագրի դրույթներն դե յուրե արտահայտող քարտեզներ և գնալ տեղում նայել իրողությունը և իրողությունները համապատասխանեցնել քարտեզներին։

Հակառակ մոտեցումը նշանակում է, ըստ էության, ստեղծել մի իրավիճակ, որն անընդհատ բերելու է էսկալացիաների, ինչը բնականաբար չի կարող խաղաղության հենք դառնալ և մենք, ինչպես հայտարարել ենք, հիմա  էլ հայտարարում ենք, պատրաստ ենք այս ճանապարհով գնալ»,- ասաց վարչապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում