Թրամփը նախագահության վերջին ամիսներին կարող է օգնել Իսրայելին Իրանի դեմ լինելու հարցում. The Jerusalem Post

Թրամփը նախագահության վերջին ամիսներին կարող է օգնել Իսրայելին Իրանի դեմ լինելու հարցում. The Jerusalem Post

Իսրայելական The Jerusalem Post պարբերականը հրապարակել է հոդված, որում վերլուծել է իսրայելաամերիկյան հարաբերությունների տեսլականը Դոնալդ Թրամփի նախագահության վերջին ամիսներին: Հոդվածում մասնավորապես ասվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այս շաբաթ հայտարարել է տարածաշրջան կատարելիք ուղևորության մասին, որին հետևել են Պետդեպարտամենտի պաշտոնյաների հայտարարությունն այն մասին, որ Պոմպեոյի՝ չորեքշաբթիից-ուրբաթ Իսրայել կատարվելք այցի ընթացքում քննարկվելու են «մի շարք հարցեր, այդ թվում՝ Աբրահամի համաձայնագրերի իրագործման» վերաբերյալ հարցերը:  

Հատկանշական է, որ Իրանը չի նշվում որպես Իսրայելում Պոմպեոյի այցի շրջանակներում քննարկման թեմա, այնինչ այս երկիրը մի քանի անգամ հիշատակվել է ԱՄԷ, Կատար և Սաուդյան Արաբիա Պոմպեոյի կատարելիք այցերի համատեքստում:

Այնուամենայնիվ, միամտություն կլինի մտածել, որ Իրանը չի ներառվի Պոմպեոյի` Երուսաղեմ կատարելիք այցի օրակարգում: Այո, Աբրահամի համաձայնագրերի շուրջ քննարկելու շատ բան կա, բայց Իսրայելը իրանական միջուկային սպառնալիքի հիմնական թիրախներից մեկն է:

Եվ այն երկու ամիսների ընթացքում, որը, ինչպես երևում է, մնացել է Թրամփի վարչակազմին, ԱՄՆ-ն ավելի շուտ կկարողանա ուղիղ քայլեր կատարել իրանական սպառնալիքի դեմ, քան կկարողանա ընդլայնել Մերձավոր Արևելքի այն երկրների ցանկը, որոնք հարաբերություններ են հաստատում Իսրայելի հետ:

Ինչ վերաբերում է Աբրահամի համաձայնագրերին, ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ ԱՄԷ-ն և Բահրեյնը աշխատում են Իսրայելում դեսպանատներ բացելու և կրթության, առողջապահության, անվտանգության և այլ ոլորտներում համագործակցություն սկսելու ուղղությամբ:

«Համաձայնագրերը պատմական առաջխաղացում են, և մենք հավատում ենք, որ ավելի շատ արաբական և մահմեդական մեծամասնություն ունեցող երկրներ շուտով կգնան խաղաղության այս ճանապարհով»,-  նշել է պաշտոնյան:

Իսրայելում, սակայն, պաշտոնյաներն ավելի զգույշ են վերաբերվում ավելի շատ արաբական պետությունների հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորություններին:

Այսպիսով, Իսրայելի հետախուզության նախարար Էլի Քոհենը նշել է, որ այս ամիս` ԱՄՆ նախագահական ընտրությունների նախաշեմին, տարածաշրջանում շատ ընթացակարգեր են կանգնեցվել, և դրանք կշարունակեն մնալ նույն կարգավիճակում, մինչև ենթադրյալ հաղթանակած նախագահ Ջո Բայդենը չհստակեցնի իր դիրքորոշումը:

Այնուամենայնիվ, Իսրայելը այժմ էլ կոչ է անում Թրամփի վարչակազմին ուղիղ քայլեր ձեռնարկել իրանական սպառնալիքի չեզոքացման համար:

Հավանական է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն ինչ որ բան թաքցնում են: Վերջերս արված այն բացահայտումը, որ Իսրայելն օգոստոսին Իրանում սպանել է «Ալ Կաիդա» ահաբեկչական կազմակերպության 2-րդ դեմքին, հիշեցնում է, որ երբ խոսքը ամերիկաիսրայելական տանդեմի մասին է ընդդեմ Իրանի, կուլիսներում միշտ ինչ-որ բան է տեղի ունենում:

Տարբերակներից մեկն այն է, Միացյալ Նահանգները կարող է Իսրայելին տրամադրել հակաբունկերային օդային ռումբեր, ինչի մասին նշված էր ամերիկյան Կոնգրեսում ավելի վաղ ներկայացված օրինագծում: Ենթադրվում է, որ դա թույլ կտա Իսրայելին չեզոքացնել Իրանի հարվածային ներուժի մի զգալի մասը, որի հիմքը ստորգետնյա օբյեկտներում տեղակայված միջին հեռահարության բալիստիկ հրթիռներն են:

Սակայն, ինչպես նշում են ռազմական փորձագետները, գործը չի կարող սահմանափակվել պոտենցիալ թշնամուն վնաս հասցնելու համար իսրայելցիներին լրացուցիչ ռեսուրսներ տրամադրելով, քանի որ նույն հակաբունկերային ռումբերի օգտագործման համար անհրաժեշտ են համապատասխան մեքենաներ: Փորձագետներից մեկը նշել է, որ Իսրայելին անհրաժեշտ կլինեն B-1 կամ B-52 ռմբակոծիրներ` ռումբերը իրանական թիրախներին հասցնելու համար: Սակայն Բարաք Օբամայի նախկին վարչակազմը հրաժարվում էր այդպիսի օգնություն ուղարկել Իսրայել, մինչդեռ Թրամփի թիմը հանդես էր գալիս օդային միջոցների տրամադրման օգտին, միևնույն ժամանակ վկայակոչելով այն փաստը, որ ԱՄՆ-ն ծանր հակաբունկերային ռումբեր կրելու ունակ ընդամենը 18 B-1 ռմբակոծիչ ունի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում