Փարիզ-2024. բացահայտելով հայ օլիմպիականներին. Վարսենիկ Մանուչարյան. «Հաղթանակած աղջիկը»՝ գիրք, որ դեռ գրվելու է
Հաշված օրեր են մնացել քառամյակի գլխավոր մարզական իրադարձությանը՝ ամառային 33-րդ Օլիմպիական խաղերին:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք խաղերին ընդառաջ ներկայացնում ենք Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին:
Վարսենիկ Մանուչարյան
Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը փոխել է լողաոճն ու կարիերայում երկրորդ անգամ կմասնակցի Օլիմպիական խաղերին:
-Վարսենի՛կ, երբվանի՞ց եք զբաղվում լողով, և ինչո՞վ է այս մարզաձևը Ձեզ գրավում:
- Ջրի հանդեպ սերը շատ մեծ է եղել, և լողալը միանգամից է ստացվել: Ես սիրում եմ պայքարել ու միշտ առաջինը լինել: Կարծում եմ՝ սա է ինձ առաջին հերթին գրավել: Եթե ոչ լող, ապա կուզեի զբաղվել ըմբշամարտով, ձյուդոյով կամ սամբոյով: Ընդ որում` մեկ անգամ սամբոյի մարզման եմ մասնակցել մեր հավաքականի մարզիկներից Վարսիկ Գրիգորյանի հետ: Անկեղծ՝ շատ լավ էր ստացվում:
-Ինչպիսի՞ն է Օլիմպիական խաղերի մթնոլորտն, ու Փարիզ-2024-ը Ձեզ համար ինչո՞վ է առանձնանում:
-Նախևառաջ առանձնանում է նրանով, որ կունենա հանդիսատես: Հանդիսատեսի ներկայությունն ու աջակցությունն ինձ շատ են ոգևորում, իսկ Տոկիոյում համավարակից հետո ամեն ինչ փակ էր:
-Տոկիոյի Օլիմպիական խաղերն ինչպիսի՞ փորձառություն էին Ձեզ համար:
-Կարծում եմ՝ հասկացել ենք, թե ինչպես պետք է կառավարել էմոցիաները: Օլիմպիական խաղերում մեծ լարվածություն կա. Տոկիոյի խաղերի շնորհիվ կարողացանք սովորել վերահսկել հույզերը:
-Տոկիոյի խաղերի բացմանը նաև Հայաստանի դրոշակակիրն էիք: Ինչպիսի՞ զգացողություններ էին:
- Հովհաննես Բաչկովն էր դրոշը տանում, իսկ ես կողքով քայլում էի: Ամեն դեպքում հաճելի և պատասխանատու է, երբ ներկայացնում ես քո երկիրը նմանօրինակ խոշոր միջոցառմանը:
-Մարզիկներն ասում են՝ թեև Օլիմպիական խաղերի մթնոլորտն այլ է, բայց դրան վերաբերվում են որպես հերթական մրցման: Սա օգնո՞ւմ է թոթափել լարվածությունը:
-Այո: Օլիմպիական խաղերի մասշտաբներն ավելի մեծ են: Մասնակցում են ամբողջ աշխարհի ամենաուժեղագույն մարզիկները: Օլիմպիական խաղերն ինձ համար շատ են տարբերվում՝ մթնոլորտով, անցկացման ձևաչափով և մասշտաբներով:
-Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո որքանո՞վ եք փոխվել որպես մարզիկ և անհատ:
- Աշխարհայացքս է փոխվել: Ի վերջո, նաև ավելի հասուն և փորձառու եմ դարձել: Չեմ կենտրոնանում դժվարությունների վրա: Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա մասնակցելու Փարիզի խաղերին: Սա մեծ փորձառություն և երազանք է ցանկացած մարզիկի համար:
-Իսկ ի՞նչ նախապատրաստություն եք անցել Փարիզի Օլիմպիական խաղերին ընդառաջ:
-Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո փոխեցի լողաոճս, քանի որ հոգնել էի ազատ ոճից, կարծես՝ ստիպված էի լողում: Բատերֆլայ լողաոճում ինձ ավելի հարմարավետ եմ զգում, արդյունքներս էլ ավելի արագ աճեցին: Կարծում եմ՝ լավ մարզավիճակում եմ ու լիովին պատրաստ եմ խաղերին:
-Վերջերս նաև Եվրոպայի առաջնությանը մասնակցեցիք: Արդյունքները գոհացնո՞ղ էին:
-Թիմային պայքարում գրավեցինք 7-րդ տեղը՝ դառնալով Եվրոպայի առաջնության եզրափակչի մասնակից, ինչը շատ գոհացուցիչ էր: Անհատական պայքարում էլ բավական լավ հանդես եկա՝ 50 և 100 մ լողաոճում գրանցելով Հայաստանի երկու ռեկորդ: 100 մ լողաոճն ինձ ավելի հոգեհարազատ է, քանի որ արդեն ֆիզիկապես ավելի ուժեղացել եմ և կայուն եմ:
-Որը՞ կլինի այն արդյունքը, որը բավարար կհամարեք Փարիզ-2024-ում:
-Թերևս անձնական ցուցանիշները բարելավելը: Եթե կարողանանք 10 միլիվայրկյան էլ մեր նախորդ արդյունքը բարելավել, արդեն մեծ բան է:
Բլից հարցեր
Լեգենդար մարզիկներից ո՞ւմ հետ կուզեիք մեկ ամբողջ օր անցկացնել:
Լողորդներ Ադամ Փիթիի և Չադ լե Կլոսի:
Ամենալավ, արժեքավոր խորհուրդը, որը երբևէ Ձեզ տվել են:
Ամեն ինչ կարող ես խոսքերով լուծել:
Ձեզ համար ի՞նչն է կյանքում ամենագլխավորը:
Ուղիղ խոսելն ու ազնիվ լինելը:
Ձեր կյանքի կանոնները:
Չհանձվել և երկրորդը չլինել:
Ինչի՞ց եք վախենում:
Նպատակներիս չհասնելուց:
Ինչի՞ն եք հավատում:
Ինքս ինձ, կամքի ուժին:
Ի՞նչ վերնագիր կունենար Ձեր մասին գիրքը:
«Հաղթանակած աղջիկը»:
Կարծիքներ