Հանդիպումներ Իտալիայի ղեկավարության հետ, հայ նկարիչների գործերի ցուցադրույթ. մանրամասներ ՀՀ նախագահի այցից
Պետական այցով Իտալիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օրակարգային հանդիպումները մեկնարկում են առավոտյան։ Ինչպես Հռոմից հաղորդում են, նախագահի առաջին կանգառը Քուիրինալե պալատն է, որտեղ նախատեսված է դիմավորման արարողություն և հանդիպում Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի հետ։ Հանդիպումից հետո երկու երկրների նախագահները հանդես կգան հայտարարությամբ։
Նախագահ Արմեն Սարգսյանի՝ Իտալիա պետական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության նախագահների հովանու ներքո Քուիրինալի պալատում կբացվի մեծանուն հայ նկարիչներ Հովհաննես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի, Վարդգես Սուրենյանցի, Հակոբ Կոջոյանի աշխատանքների ցուցադրույթը:
Արդեն կեսօրին նախագահ Արմեն Սարգսյանը կհանդիպի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի, ինչպես նաև՝ Իտալիայի պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ։
Օրվա երկրորդ կեսին նախատեսված է ծաղկեպսակի տեղադրման արարողություն՝ «Հայրենիքի խորան» հուշարձանին։
Հաջորդ կանգառը Հռոմի քաղաքապետարանն է, որտեղ նախատեսված է հանդիպում Վիրջինիա Ռաջիի հետ։ Երեկոյան նախագահ Սարգսյանը կհանդիպի Սենատի արտաքին հարաբերությունների նախագահ Պիերո Ֆասինոյի հետ։
Պետական այցի առաջին օրը կավարտվի ի պատիվ նախագահ Սարգսյանի՝ Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի և նրա դուստր Լաուրա Մատարելայի անունից նախատեսված պետական ընթրիքով։
Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. մարտի 17-ին:
Հայաստանի Հանրապետության 30-ամյա պատմության ընթացքում սա Հայաստանի նախագահի առաջին պետական այցն է Իտալիա:
Կարծիքներ