Դիվանագետները և միջազգային կառույցների ներկայացուցիչները վաղը կայցելեն Կոռնիձորի հումանիտար շարասյան հատված

Դիվանագետները և միջազգային կառույցների ներկայացուցիչները վաղը կայցելեն Կոռնիձորի հումանիտար շարասյան հատված

Վաղը նախատեսվում է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչների այց Կոռնիձոր՝ հումանիտար շարասյան հատված:

Այս մասին հայտնել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը, փաստելով, որ ԼՂ ուղևորված 19 բեռնատար արդեն 20 ժամից ավելի Կոռնիձորի սահմանային հատվածում է: Հումանիտար օգնությունը ԼՂ տեղափոխելու հարցում դեռ տեղաշարժ չկա, փոխարենն արդեն միջազգային արձագանք կա Լիտվայից, ԵՄ-ից, Ֆրանսիայից, Դանիայից:

«Չնայած պնդումներին, որ Լաչինի միջանցքը բաց է, բեռների ու բուժօգնության կարիք ունեցող անձանց տեղաշարժի համար խոչընդոտ չկա, փաստ է մնում, որ բեռնատարները կանգնած են, և հումանիտար ճգնաժամի մեջ գտնվող ԼՂ բնակչությանը բեռը չի կարողանում հասնել»,- ասաց նա:

Բեռնատարների վերադառնալու մասին խոսք չկա, դրանք Կոռնիձորում են, սպասում են բեռի տեղափոխմանը:

«Մեր առաջնային նպատակը եղել և մնում է հումանիտար օգնությունը ԼՂ ժողովրդին հասցնելը, այս նպատակին են ուղղված հայկական կողմի բոլոր ջանքերը»,- ասել է Վարդան Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված հումանիտար բեռը դեռևս հնարավոր չէ հասցնել հումանիտար ճգնաժամի մեջ գտնվող քաղաքացիներին: Այն արդեն 20 ժամից ավելի է, ինչ գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում:

Երեկ հայտնի էր դարձել, որ մարդասիրական օգնությամբ բեռնված երկու տասնյակ բեռնատար 400 տոննա հումանիտար օգնություն կհասցնի մինչև Կոռնիձոր: Ըստ Կառավարության աղբյուրի՝ նախատեսվում է ռուս խաղաղապահների միջոցով հումանիտար օգնություն փոխանցել արդեն 227 օր շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։

ԼՂ է ուղարկվել 60 տոննա շաքարավազ, 40 տոննա ձեթ, 100 տոննա ալյուր, 80 տոննա մակարոնեղեն, 20 տոննա աղ, 40 տոննա կաթի փոշի, 12 տոննա մանկական սնունդ և 9 տոննա դեղորայք:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 25-ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի հերթական նիստը, որի ժամանակ որոշում էր կայացվել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարենային և բժշկական հրատապ հումանիտար աջակցություն ուղարկելու վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում