ԱՄՆ-ն մտադիր է աջակցել Վրաստանի պաշտպանունակության ընդլայնմանը. Պենտագոնի ղեկավարը ժամանել է Վրաստան

ԱՄՆ-ն մտադիր է աջակցել Վրաստանի պաշտպանունակության ընդլայնմանը. Պենտագոնի ղեկավարը ժամանել է Վրաստան

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ժամանել է Վրաստան, կհանդիպի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ: Այցի մասին կատարած գրառման մեջ Պենտագոնի ղեկավարը հայտնել է, որ Վաշինգտոնը մտադիր է աջակցել Վրաստանի պաշտպանունակության ընդլայնմանը, ինչպես նաև Արևմուտքի հետ մերձեցմանը:

«Վայրէջք կատարեցի Վրաստանում։ ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Վրաստանին պաշտպանունակությունն ավելացնելու և եվրաատլանտյան ինտեգրումն առաջ տանելու հարցում։ Ես անհամբերությամբ սպասում եմ այստեղ կայանալիք հանդիպումներին»,- գրել է Օսթինը:

TASS գործակալությունը հաղորդում է, որ ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ Օսթինը կայցելի Վրաստան, Ուկրաինա և Ռումինիա՝ նախքան Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը մեկնելը: Այցերի ճշգրիտ ժամկետները չեն հաղորդվում: Ըստ Հյուսիսատլանտյան դաշինքի նախկինում տարածած տեղեկատվության՝ ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում հոկտեմբերի 21-22-ը: Այն վարելու է ՆԱՏՕ -ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Գործակալությունը հավելում է, որ հոկտեմբերի 17-ին Պենտագոնը հայտարարել է, որ Օսթինը «և՛ Վրաստանում, և՛ Ուկրաինայում ընդգծելու է, որ ՆԱՏՕ-ի դուռը բաց է և կոչ է անելու այդ երկրներին կատարել անհրաժեշտ փոփոխությունները, որպեսզի նրանք կարողանան պաշտպանական դաշինքին անդամակցելու իրավունք ունենալ»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում