Ուկրաինայում հայտնել են հրթիռակոծության հետևանքով առնվազն 28 զոհի և 112 վիրավորի մասին, ՌԴ-ն արձագանքել է
Ուկրաինայի իշխանությունները հաղորդել են, որ ռուսական ուժերի կողմից երկրի մի շարք քաղաքների զանգվածային գնդակոծությունների զոհերի թիվը հասել է առնվազն 28-ի, 112 մարդ վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս տվյալները հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը։
Կիևի հրթիռակոծության հետևանքով, ըստ քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի, 96 մարդ է վիրավորվել, որոնցից 52-ը հոսպիտալացվել է։
Գնդակոծության ենթարկված մանկական հիվանդանոցում 2 մարդ է զոհվել, 16 մարդ՝ վիրավորվել։
Ըստ նախնական տվյալների՝ ևս 7 մարդ վիրավորվել է Կիևի մեկ այլ շրջանում բժշկական կենտրոնի վրա բեկորների ընկնելու հետևանքով։ Բացի այդ, 7 մարդ մահացել է բիզնես կենտրոնի գնդակոծության պատճառով։
Ըստ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոյի՝ երկրում վնասվել է 50-ից ավելի քաղաքացիական օբյեկտ, այդ թվում՝ բնակելի տներ, բիզնես կենտրոն և երկու բուժհաստատություն։ Տեղական ժամանակով ժամը 15։00-ի դրությամբ հայտնի է եղել 28 զոհի մասին․ 17-ը՝ Կիևում, 11-ը՝ Դնեպրոպետրովսկի շրջանում։
Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Ուկրաինայի տարածքի գնդակոծությունը՝ նշելով, որ բարձր ճշգրտության հեռահար զենքերով հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմական արդյունաբերության օբյեկտներին և ավիաբազաներին, սակայն ոչ՝ քաղաքացիական օբյեկտներին։
«Կիևյան վարչակարգի հայտարարությունները Ռուսաստանի կողմից քաղաքացիական օբյեկտների, իբր, միտումնավոր հրթիռակոծության մասին, բոլորովին չեն համապատասխանում իրականությանը», - նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։
Ըստ գերատեսչության՝ Կիևից ստացվող կադրերն ու լուսանկարները «հաստատում են ուկրաինական ՀՕՊ հրթիռի ընկնելու հետևանքով առաջացած ավերածությունների փաստը»։
Կարծիքներ