Կարող է մի օր ուղղակի արթնանանք և տեսնենք, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Նիկոլ Փաշինյան
Կարող է մի օր ուղղակի արթնանանք և տեսնենք, որ Ռուսաստանն այստեղ չէ:
La Repubblica թերթին հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:
La Repubblica թերթի լրագրող Լուկա Ստեյնման - Կարծում եմ՝ շատ կարևոր է հասկանալ, թե որն է Ռուսաստանի՝ Լաչինի միջանցքի վերահսկողությունն Ադրբեջանին թողնելու քաղաքական դրդապատճառը։ Երբ խոսում էիք Ձեր ռուս գործընկերների հետ, տեսնում էիք, որ ռուս խաղաղապահները չէին իրականացնում իրենց պարտականությունները, ի՞նչ էին նրանք Ձեզ ասում։ Չե՞ք հարցրել նրանց, թե ինչու են նրանք հնարավորություն տալիս Ադրբեջանին դե-ֆակտո վերահսկել այս տարածքը, ի՞նչ է տեղի ունենում, ինչո՞ւ չեք միջամտում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, իհարկե, մենք խոսակցություն ունենում ենք այդ թեմայով մեր ռուս գործընկերների հետ: Եվ անկախ այդ խոսակցությունից, իհարկե, մենք մեր վարկածներն ունենք: Եվ երբ խոսում ենք այդ վարկածների մասին, նաև Ռուսաստանում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ մեզ մղում են պատմական զուգահեռների:
Օրինակ, մեր տարածաշրջանը տեսել է այդպիսի իրավիճակ: Ըստ էության, արդեն բավական երկար Ռուսաստանի Դաշնությունը մեր տարածաշրջանում է՝ Հարավային Կովկասում: Բայց մենք տեսել ենք իրավիճակներ, երբ մի օրում, մի ամսում կամ մի տարում ուղղակի Ռուսաստանի Դաշնությունը թողել և հեռացել է Հարավային Կովկասից: Օրինակ՝ հիմա շատ են Ռուսաստանի մեր գործընկերները խոսում այն մասին, որ արևմտյան երկրները Հայաստանի հետ աշխատում են կամ Հայաստանի կառավարությանը դրդում են, որպեսզի Հայաստանի կառավարությունը միջոցներ ձեռնարկի, որոնց նպատակն է՝ Ռուսաստանին դուրս մղել մեր տարածաշրջանից:
Բայց մենք Ռուսաստանի մեր գործընկերների հետ խոսելիս երբեմն ասում ենք, բարձրաձայնում ենք մեր կարծիքը և մեր գնահատականը, որ ընդհակառակը, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը հենց իր կողմից ձեռնարկվող կամ չձեռնարկվող քայլերի բերումով ինքն է հեռանում տարածաշրջանից: Ի՞նչ պատճառներով, մենք դա չգիտենք: Մենք կարող ենք մեկնաբանություններ անել, բայց ես չեմ կարող պնդումներ անել: Ես կարող եմ վարկածներ առաջադրել, բայց հիմա չեմ անի դա: Բայց հասկանալի է, որ Ձեր նշած հարցը մեզ շատ է հուզում և հետաքրքրում, և դա նորություն չէ: Բայց կան պրոցեսներ, որոնք, իհարկե, հանգեցնում են այդպիսի մտքի, որ կարող է նույն սցենարը կրկնվել, որ մի օր ուղղակի արթնանանք և տեսնենք, որ Ռուսաստանն այստեղ չէ:
Նաև պիտի համաձայնվեմ Ձեր այն ձևակերպման հետ, որ Լաչինի միջանցքը, որ պետք է լիներ Ռուսաստանի խաղաղապահների հսկողության տակ, Ռուսաստանի խաղաղապահների հսկողության տակ չէ: Ինչո՞ւ: Կարող է երկու պատճառ լինել՝ կամ Ռուսաստանի Դաշնությունը չի կարողանում պահել հսկողություն Լաչինի միջանցքի նկատմամբ կամ չի ուզում: Երկուսն էլ մեր տեսակետից խնդրահարույց է:
Կարծիքներ