Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ փրկարար ծառայության փոխգնդապետի ինքնազգացողությունը վատացել է․ հոսպիտալացման ճանապարհին նա մահացել է
Վայոց Ձորի մարզի Մարտիրոս գյուղի մոտակա սարերում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետի ինքնազգացողությունը վատացել է․ փրկարար ծառայության փոխգնդապետ Արմեն Գասպարյանը հոսպիտալացման ճանապարհին մահացել է։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։08-ին, տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Մարտիրոս բնակավայրի մոտակա սարերում։
Հրդեհաշիջմանը ներգրավվել են ՆԳՆ փրկարար ծառայության մարտական 3 հաշվարկ, օպերատիվ 5 խումբ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականցնող կենտրոնից 2 խումբ, նաև Մարտիրոս համայնքի կամավորական ջոկատից փրկարարներ և Վայքի համայնքապետարանի ջրատար։
Դեպի Մարտիրոս և Խնձորուտ բնակավայրեր հրդեհի տարածումը կանխվել է, իրականացվել հրդեհաշիջում Փոռ և Զառիթափ բնակավայրերի ուղղությամբ։
Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու ժամանակ ՆԳՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Արմեն Հենրիկի Գասպարյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են Վայքի բուժկենտրոն։
Արմեն Գասպարյանը հոսպիտալացման ճանապարհին մահացել է։
Ներքին գործերի նախարարությունն ու ՆԳՆ փրկարար ծառայությունը կիսում են Արմեն Գասպարյանի կորստյան վիշտը և ցավակցում ընտանիքի անդամներին, հարազատներին և գործընկերներին։
Կարծիքներ