Կալիֆոռնիայում բռնկված անտառային հրդեհների հետևանքով ավելի քան 20 000 ակր հողատարածք է այրվել, տարհանվել է առնվազն 8000 մարդ
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում՝ Լոս Անջելեսից արևելք ընկած հատվածում, հուլիսի 31-ից սկսված անտառային հրդեհների հետևանքով ավելի քան 20 500 ակր տարածք է այրվել, աղետի գոտուց առնվազն 8 հազար մարդու են տարհանել, այս մասին հայտնում է CNN-ը։
Անտառային ծառայության տվյալների համաձայն՝ հրդեհը տարածվել է 20 516 ակր հողատարածքի վրա։ Հրդեհաշիջման աշխատանքներում ավելի քան 20 փրկարարական խումբ, 6 ուղղաթիռ, 100-ից ավելի միավոր տեխնիկա է ներգրավված։
Միևնույն ժամանակ հրդեհի մարման աշխատանքները բարդանում են ուժեղ քամու և շոգի հետևանքով․ նահանգում օդի ջերմաստիճանը հասնում է մոտ 41 աստիճանի։
Նշվում է, որ տարածքում տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան։ Հրդեհի հետևանքով ավերվել է մեկ տուն և երկու հարակից շինություն։
Ինչպես տեղական իշխանություններն են հաստատում, տները ճարահատյալ լքած քաղաքացիների համար ստեղծված տարհանման կենտրոնները կորոնավիրուսի համավարակի ֆոնին աշխատում են կարանտինային միջոցառումների խիստ պահպանմամբ։
Կարծիքներ