«Հազվադեպ է պատահում, որ որևէ մեկը Ցարնաևից ավելի շատ մահապատժի արժանի լինի». Թրամփը պահանջել է կրկին մահապատժի դատապարտել Բոստոնի մարաթոնի ահաբեկչին
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով վերաքննիչ դատարանի՝ Բոստոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչ Ջոխար Ցարնաևի մահապատժի վճիռը չեղարկելու որոշմանը, հայտարարել է, որ դաշնային կառավարությունը պետք է ևս մեկ անգամ նրան մահապատժի դատապարտի:
Ինչպես նշում է Daily Mail-ը, նախագահն այս մասին գրել է իր թվիթերյան էջում:
«Հազվադեպ է պատահում, որ որևէ մեկը Բոստոնի մարաթոնի ահաբեկչից՝ Ջոխար Ցարնաևից, ավելի շատ մահապատժի արժանի լինի: Դատարանն ընդունել էր, որ կատարվածը սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ամենասարսափելի ներքին ահաբեկչական հարձակումներից մեկն է: Մինչդեռ վերաքննիչ դատարանը չեղարկում է մահապատիժը»,-գրել է ԱՄՆ նախագահն՝ ընդգծելով, որ Ցարնաևի գործողությունների հետևանքով այնքան մարդկային կորուստներ են եղել ու կյանքեր կործանվել:
Թրամփի համոզմամբ՝ դաշնային կառավարությունը պետք է կրկին մահապատիժ սահմանի ահաբեկչի համար:
Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ-ում վերաքննիչ դատարանը չեղարկել է Բոստոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչ Ջոխար Ցարնաևի մահապատժի վճիռը: Դատավճռի համապատասխան՝ Ցարնաևը կարդարացվի մեղադրական եզրակացության երեք կետով, չեղարկվել են նաև մահապատժի կետերը: Այժմ դաշնային դատավորը պետք է որոշի՝ ինչ պատիժ սահմանել Ցարնաևի համար:
Մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով մահապատժի վճռի չեղարկում, հայտարարել է, որ դա ուղղակի անհեթեթություն է: Բացի այդ, Թրամփը Ցարնաևին «մարդասպան գազան» է անվանել:
2013 թվականի ապրիլի 15-ին Բոստոնի մարաթոնի ժամանակ երկու պայթյուն է հնչել, ինչի հետևանքով երեք մարդ է զոհվել և 280-ից ավելի մարդ վիրավորվել: Ահաբեկչության կազմակերպիչներն ու իրագործողները Ցարնաև եղբայրներն են, որոնցից ավագը՝ Թամերլան Ցարնաևը, ոստիկանության հատուկ գործողությունների ժամանակ մահացել է:
Կարծիքներ