Արդարադատության նախարարությունը աստիճանաբար դուրս է գալու դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համակարգից

Արդարադատության նախարարությունը աստիճանաբար դուրս է գալու դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համակարգից

Արդարադատության նախարարությունը աստիճանաբար դուրս է գալու դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համակարգից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 8-ին կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Նրա խոսքով՝ միջազգային գործընկերները հորդորում են, որպեսզի կառավարությունը դուրս գա գործընթացներից՝ որպես վարույթ հարուցող մարմին։ Նախարարն այս խնդիրը լուծելու համար երկու մոտեցում ներկայացրեց։

«Առաջինը՝ հնարավորություն ստեղծել դատավորներին բողոքարկել իրենց դեմ կայացրած որոշումները, որը մենք ապահովել ենք մեր այսօրվա Սահմանադրության նորմերին համապատասխան, երկրորդը՝ աստիճանաբար արդարադատության նախարարության դուրս գալն էր այդ գործընթացներից։ Բայց, որպեսզի կարողանանք դուրս գալ, մենք պետք է համոզված լինենք, որ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովում պրոցեսները գնում են առողջացման, որովհետև ունեցել ենք դեպքեր, երբ բարձրագույն դատական խորհուրդը որոշել է դադարեցնել դատավորի լիազորություններն այն դեպքերում, երբ էթիկայի հանձնաժողովը նույնիսկ խախտում չէր արձանագրել։

Իսկ դա նշանակում է, որ երկար տարիներ իրար հետ աշխատած դատավորները էմոցիաների կամ իրար հարազատ դառնալու արդյունքում չեն կարողանում որոշում կայացնել։ Այդ առումով մենք էթիկայի հանձնաժողովում ավելացրել ենք գիտնականների թվակազմը։ Եվ նաև շատ կարևոր որոշում ենք կայացրել՝ չթողնել գործող փաստաբանին լինել դատավորի դեմ որոշում կայացնող։ Դասական շահերի բախում էր, որ փաստաբանը, որն ամբողջ օրը գնում է դատարան և հենց այդ դատավորի հետ ունի վճռի ակնկալիք, նստում է դատավորին դատելու աթոռին։ Ակնհայտ է, որ այդտեղ օբյեկտիվիզմ չէր կարող լինել»,- եզրափակեց նախարարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում