«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն արձագանքել է մահացած կնոջ մարմինը կորցնելու ու նրա հեռախոսից գումար փոխանցելու դեպքին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը Սոնիկ Կարապետյանի դիակը սահմանված կարգով, առանց որևէ անփութության, փոխանցել է Շտապօգնության ծառայության համապատասխան բրիգադին։ Այս հարցում բուժկենտրոնը որևէ թերացում չի ունեցել։
Այս մասին տեղեկացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:
«Ինչ վերաբերում է հարազատների այն պնդմանը՝ տատիկի հեռախոսից բուժքրոջ կողմից իր հեռախոսին գումար փոխանցելուն և գումար գողանալուն, ապա նշենք, որ տեղեկացվել ենք դրա մասին հարազատներից՝ նախքան մամուլում այն հանրայնացնելը։
Այսօր օրենսդրության սահմանած կարգով՝ նշվածի վերաբերյալ հարուցվել է կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթ։
Ենթադրյալ անձը, ինչպես նշում է մահացածի թոռնուհին, բուժքույր չէ, այլ կրտսեր բուժաշխատող՝ մայրապետ։ Բոլոր հանգամանքները պարզելու և հաստատավելու դեպքում վերջինս կենթարկվի կարգապահական պատասխանատվության, ընդհուպ կհեռացվի աշխատանքից»,- տեղեկացրել է Խաչատրյանը եւ նշել, որ վարույթի վերջնական արդյունքների վերաբերյալ մահացածի հարազատները կտեղեկացվեն։
Կարծիքներ