Պղնձի եւ մոլիբդենի խտանյութերի արտահանման լիցենզիայի տրամադրման համար տուրք կսահմանվի. Կառավարությունը հավանություն տվեց

Պղնձի եւ մոլիբդենի խտանյութերի արտահանման լիցենզիայի տրամադրման համար տուրք կսահմանվի. Կառավարությունը հավանություն տվեց

ՀՀ կառավարությունն այսօրվա արտահերթ նիստում հավանություն տվեց եւ անհետաձգելի համարեց «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Այս նախագծով պղնձի, մոլիբդենի խտանյութի, ֆեռոմոլիբդենի արտահանման լիցենզիայի տրամադրման համար տուրք է սահմանվում:

Ըստ որոշման հիմնավորման՝ միջազգային շուկայում պղնձի գինը էականորեն աճել է՝ ներկայում հասնելով 9225 դոլարի։ Էկոնոմիկայի նախարարությունը նշել է, որ անգամ եթե պղնձի գինը կազմի 7500  դոլար ու պետական տուրքը վճարվի, միեւնույն է, ոլորտը կշարունակի մնալ շահութաբեր։ Տուրքը սահմանվել է 15 տոկոս՝ ըստ Լոնդոնի մետաղական բորսայում պղնձի ու մոլիբդենի խտանյութի գնի:

Ըստ հիմնավորման՝ ակնկալվում է, որ այս կարգավորման արդյունքում տարեկան 72 միլիարդ դրամ ավելի եկամուտ կմուտքագրվի բյուջե, իսկ այս տարի՝ 30-35 միլիարդ դրամ։  Կառավարությունը միեւնույն ժամանակ նշել է՝ եթե պղնձի գինը նվազի 7500 դոլարից, ապա տուրքը կվերանայվի՝ դեպի նվազում:

Կառավարությունը հանքարդյունաբերության ոլորտի իր երկարաժամկետ նպատակներից նշել է նաեւ սուվերեն հարստության ֆոնդի ստեղծումը, որտեղ կգոյանա ընդերքի շահագործումից ստացվող եկամուտը։ 

Պղնձի խտանյութի արտադրությունը 2020-ին կազմել է 511 հազար տոննա, մոլիբդենի խտանյութինը՝ 16.4 հազար տոննա, ֆեռոմոլիբդենինը՝ 7.8 հազար տոննա։ Նշենք, որ նախագիծը պետք է քննարկվի Ազգային ժողովում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում