Արտակ Դավթյանը իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետ է. վարչապետի հայտարարությունը

Արտակ Դավթյանը իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետ է. վարչապետի հայտարարությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարութուն է տարածել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նշանակման շուրջ, որում նշվում է, որ Արտակ Դավթյանը իրավունքի ուժով նշանակված է Գլխավոր շտաբի պետ։ Հայտարարությունը հրապարակվել է primeminister.am կայքերում։ Հայտարարության տեքստը՝ ստորև։ Առաջնորդվելով Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներով՝ վարչապետի կողմից 2021թ. մարտի 10-ին Հանրապետության նախագահին էր ներկայացվել առաջարկություն՝ Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը: 2021թ. մարտի 11-ին վարչապետի աշխատակազմ են մուտք եղել Հանրապետության նախագահի առարկությունները վերոնշյալ նախագծի վերաբերյալ: Հանրապետության նախագահի կողմից ներկայացված առարկությունները վարչապետի կողմից չեն ընդունվել, ինչի մասին նույն օրը գրություն է ուղարկվել Հանրապետության նախագահին՝ համապատասխան հիմնավորումներով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և չի դիմել Սահմանադրական դատարան, ղեկավարվելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 6-րդ մասով՝ 2021թ. մարտի 22-ից Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում