ՄԱԿ-ը ՀՀ կառավարությանն է փոխանցել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հետագա կառավարումը և իրականացումը
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) ՀՀ կառավարությանն է փոխանցել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հետագա կառավարումը և իրականացումը:
Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
«Դպրոցական սնունդ» ծրագիրը, որն ավելի քան 13 տարի գործընկերների համագործակցությամբ իրականացվում էր ՀՀ մարզերում, այսուհետ ամբողջությամբ կկատարվի պետական բյուջեի միջոցներով:
Ծրագրի փոխանցման հանդիսավոր միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթը, ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաունը, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի նախագահ Վլադիմիր Չերնիգովը, ինչպես նաև ՀՀ այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ միջազգային և պետական տարբեր կառույցներից:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, շնորհավորելով ներկաներին, նշել է, որ ամփոփվում է կատարված մեծ աշխատանքը, որով նաև հետագա անելիքների նոր փուլ է ազդարարվում: Նախարարի խոսքով` վերջին երկու տասնամյակների ընթացքում «Դպրոցական սնունդը» Հայաստանում սոցիալական պաշտպանության փորձնական ծրագրից վերածվել է մարդկային կապիտալի զարգացման հարթակի՝ խթանելով կրթության որակի բարելավումը և առողջ ապրելակերպը: Նա շնորհակալություն է հայտել գործընկերներին արդյունավետ համագործակցության համար և փաստել՝ ՀՀ-ում իրականացվող «Դպրոցական սնունդը» ծրագիրը կարող է մոդել և լավ օրինակ դառնալ այլ երկրների համար:
«Շատ կարևոր է, որ ըստ պլանավորվածի՝ ավարտել ենք ծրագրի ամբողջական փոխանցումը պետությանը. 2023 թվականի հունվարից ՀՀ 10 մարզերի 1-ից 4-րդ դասարանների 100 հազարից ավելի երեխաներ սնունդ ստանում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Մենք, բնականաբար, կարիք ունենք զարգացնելու մեր ունեցած արդյունքները. մասնավորապես՝ ծրագրի մաս չի կազմում Երևանը, և քննարկում ենք մայրաքաղաքի դպրոցները ևս ծրագրում ներառելու հարցը, ինչը թույլ կտա շուրջ 50 հազարով մեծացնել ծրագրի շահառու երեխաների թիվը: Կարծում եմ՝ հաջորդ տարի արդեն կսկսենք Երևանի դպրոցները ծրագրում ներառելու գործընթացը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարը նաև ընդգծել է, որ ծրագրի նպատակը միայն երեխաներին տաք սննդով ապահովելը չէ. այն ունի նաև շատ կարևոր այլ բաղադրիչ՝ թույլ է տալիս դպրոցի շուրջ միավորել համայնքի ջանքերը՝ առողջ սնունդը և ապրելակերպը դպրոցական բաղադրիչում ներառելու և դրա միջոցով հանրային վարքականոն ձևավորելու տեսանկյունից: Ծրագիրը ներառվել է «Առողջ ապրելակերպ» դասընթացի շրջանակում, և երեխաները նաև սովորում են առողջ և ճիշտ սնվել, գործնական ուսուցում և տեսական դասընթաց անցնում:
Նախարարի խոսքով՝ գնաճով պայմանավորված՝ որոշակի վերանայումներ է իրականացվել, և ճաշացանկում կատարվել է փոփոխություն. «Դպրոցական ճաշացանկում 20 հիմնական սննդամթերք է ներառված, երկշաբաթյա ճաշացանկ է հաստատվում՝ հենց այդ 20 սննդամթերքի օգտագործմամբ»:
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, մատնանշելով ծրագրի կարևորությունը, նշել է, որ այս տարիներին ծրագրի աջակցությունը եղել է ոչ միայն ֆինանսական, այլ նաև տեխնիկական, մեթոդական և կադրերի պատրաստման հարցում. «Ծրագիրն աշխատում է շատ լավ մեխանիզմով և ունի մեծ ներուժ, ինչն էլ առիթ դարձավ, որ Ռուսաստանի Դաշնությունն աջակցի այս կարևոր նախագծի իրականացմանը: Վստահ եմ, որ ռուսական աջակցությունը ծրագրի իրականացման և կատարելագործման հարցում շարունակվելու է մեր երկու երկրների ամուր համագործակցությունը շնորհիվ»:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթն ասել է, որ 2016 թվականից սկսած՝ «Դպրոցական սնունդ» ծրագրի իրականացումը բոլոր 10 մարզերում աստիճանաբար փոխանցվել է ՀՀ կառավարությանը, սակայն ՊՀԾ-ն շարունակում է ծրագրին տեխնիկական աջակցություն և ռեսուրսներ տրամադրել՝ ծրագրում ներգրավված դերակատարների հմտություններն ու կարողությունները բարելավելու նպատակով:
«Դպրոցական սնունդ» ծրագիրը մինչ այս իրականացվել է ՀՀ կառավարության, «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի (SFCWA), Ռուսաստանի Դաշնության սննդի ճյուղային ինստիտուտի (SIFI), ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) և նրա տեխնիկական գործընկերների հետ ռազմավարական համագործակցության արդյունքում:
Կարծիքներ