ՌԴ փոխվարչապետը ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու Հայաստանի որոշումը ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ է համարում
Մոսկվան Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու նախագծին Հայաստանի կառավարության կողմից հավանություն տալը համարում է Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) Հայաստանի դուրս գալու սկիզբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի հայտարարությունը։
«Նրանք (խմբ․ Հայաստանը) ասում են, որ չեն պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, բայց ինչո՞վ է առանձնահատուկ այն իրավիճակը, որն այժմ կա։ Հայաստանի՝ Եվրամիության հետ մերձենալու մասին խոսակցությունները երկար էին քննարկվում, սակայն 2025 թվականի հունվարի 9-ին Հայաստանի կառավարությունն, աջակցելով ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին, ձեռնարկեց իրավաբանորեն նշանակալի քայլ. սա է այս իրավիճակի առանձնահատկությունը։ Սա Հայաստանի կառավարության որոշումն էր, և մենք դա համարում ենք ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու սկիզբ»,-նշել է ՌԴ փոխվարչապետը։
Օվերչուկի դիտակմամբ՝ պետք է սպասել և հասկանալ, թե Հայաստանն ինչ հետագա քայլեր է ձեռնարկելու։
«Հաջորդ քայլերը Հայաստանի իշխանությանն են։ Կամ նրանք պնդում են, որ ՀՀ կառավարության օրակարգում նման հարց չկա, չեն ցանկանում կամ չեն նախատեսում դուրս գալ ԵԱՏՄ-ից, կամ կգնահատեն, թե որտեղ է նրանց համար ավելի լավ։ Տեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը»,- ասել է Օվերչուկը։
ՌԴ փոխվարչապետը նաև նշել է, որ, ցավալիորեն, նախորդ տարվա ընթացքում ակնհայտ է եղել, որ ԵՄ-ին անդամակցելու շուրջ քննարկումներն իրենց ազդեցությունն են ունեցել հայ-ռուսական առևտրային հարաբերությունների վրա։
«Ցավոք, արդեն անցյալ տարի մենք սկսեցինք տեսնել, որ ԵՄ-ին անդամակցելու շուրջ քննարկումների ազդեցության տակ ռուսական բիզնեսն ավելի զգուշավոր դարձավ Հայաստանի հետ տնտեսական կապերի հետագա պահպանման և զարգացման հարցում․ տեսանք, որ մի շարք ուղղություններով գործարար ակտիվությունը սկսեց նվազել»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։
Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին դրական դիրքորոշում է հայտնել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։
Կարծիքներ