ՍԴ-ի նիստը առողջապահության նախարարի որոշման վիճարկման հարցով հետաձգվեց

ՍԴ-ի նիստը առողջապահության նախարարի որոշման վիճարկման հարցով հետաձգվեց

Սահմանադրական դատարանն այսօր շարունակել է բանավոր ընթացակարգով քննել Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա առողջապահության նախարարի՝ 2021 թվականի օգոստոսի 20-ի ընդունած և հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած հրամանի վիճարկման գործը:

Հիշեցնենք՝ այդ հրամանով գործատուները պարտավոր են 14 օրը մեկ աշխատողներից պահանջել ՊՇՌ թեստավորման պատասխան այն դեպքում, եթե աշխատողը կորոնավիրուսի դեմ պատվաստված չէ: Դիմումին կից Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորները ներկայացրել են նաև միջնորդություն՝ առողջապահության նախարարի հրամանի գործողությունը մինչև գործի դատաքննության ավարտը կասեցնելու մասին: Դատարանը նախորդ նիստին լսել է հայցվոր կողմին: Այսօր դատավոր Արևիկ Պետրոսյանը և Հրայր Թովմասյանը միջնորդել են նիստը հետաձգել և կառավարությունից 5 օրյա ժամկետում պահանջել Առղջապահության նախարարությունից այն որոշումները, որոնք վերաբերում են 14 օրը մեկ թեստավորման պահանջին: Դատարանը  նաև պահանջել է պատասխանողից  ներկայացնել  տեղեկություններ ՊՇՌ թեստավորման նվազագույն և առավելագույն գների մասին, հայերեն թարգմանված միջազգային հետազոտություններ և վիճակագրություն՝  պատվաստված անձանց վարակելիության և վարակվելիության  ցուցանիշների մասին:

Դատական հաջորդ նիստը նշանակվել է դեկտեմբերի 16-ին: Դատարանը նշել է, որ պահանջված նյութերը ստանալուց հետո կողմերին առնվազն 5 աշխատանքային օր ևս  անհրաժեշտ է դրանց ծանոթանալու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում