Փորձում ենք ուսուցչի համար ստեղծել աշխատանքային առաջխաղացման հեռանկար. Ժաննա Անդրեասյան
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրասյանն այսօրվա ասուլիսի ընթացքում խոսել է հանրակրթության ոլորտի բարեփոխումներից:
Մասնավորապես, անդրադառնալով ուսուցչի մասնագիտական չափորոշչին, Անդրեասյանը նշեց.
«Փաստացի փորձում ենք ուսուցչի համար ստեղծել աշխատանքային առաջխաղացման հեռանկար, երբ կլինեն տարբերակված մասնագիտական չափորոշիչներ, և յուրաքանչյուր չափորոշչի համար ուսուցչին պարզ կլինի, թե ինչ է պահանջվում իրենից, և սա փոխկապակցված կլինի վարձատրության համակարգին: Օրինակ՝ բուհական համակարգում դասախոսը գիտի, որ ունի որոշակի աստիճանակարգմամբ շարժվելու հնարավորություն: Մենք փաստացի ուսուցիչների համար նույնպես նախատեսում ենք նման աստիճանակարգման հնարավորություն»:
Անդրեասյանը խոսեց նաև երկրորդ փոփոխության մասին, ըստ որի՝ դպրոցի տնօրենները ոչ թե ընտրվում են, այլ նշանակվում:
«Նախատեսում ենք, որ կլինի նշանակման գործընթաց, այսինքն՝ սա պարզ նշանակում չէ, որ որևէ մեկը միանձնյա որոշի այս կամ այն մարդուն նշանակել: Կտրվի հայտարարություն: Գիտեք, որ մեզ մոտ գործում է պայման, որ դպրոցի տնօրենի պաշտոնին դիմելու համար անհրաժեշտ է ունենալ հավաստագիր, իսկ դա ենթադրում է քննության գործընթաց:
Հավաստագիր ունեցող անձինք կներկայացնեն ծրագրեր, թե ինչպես են պատկերացնում, որ դպրոցը կարողանա ունենալ լավ ցուցանիշներ կրթության որակի տեսանկյունից: Մասնագիտական հանձնաժողովը կքննի այդ ծրագրերը, կունենա ըստ անհրաժեշտության հարցազրույց: Արդյունքում նախատեսում ենք ոչ թե դպրոցական խորհրդին վերապահել ընտրության գործառույթ, այլ դրա արդյունքում նշանակել»,- ասաց փոխնախարարը:
Կարծիքներ