Քննարկվել են Ղազախստանի հետ բարձր տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հեռանկարները
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում է ԲՏԱ նախարարությունը:
Նախարարը ողջունել է դեսպանին, նշել, որ Ղազախստանի հետ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը շարունակական բնույթ է կրում, իսկ ԱՊՀ և ԵԱՏՄ տարածքում գտնվելու հանգամանքը էապես մեծացնում է համագործակցությունը զարգացնելու, համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։
Նախարարը դեսպանին է ներկայացրել նախարարության գործունեության ուղղությունները, որոնք միտված են զարգացնելու բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը Հայաստանում։ Նախարարի խոսքով՝ ներկայում տնտեսության բոլոր ուղղությունները կապված են տեխնոլոգիաների հետ, ուստի բարձր տեխնոլոգիաների առաջընթացն առանցքային դերակատարություն ունի երկրի տնտեսության զարգացման ճանապարհին։
Դեսպան Բոլատ Իմանբաևը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, անդրադարձել 2 երկրների միջև պատմական ու մշակութային ամուր կապերին, ընդգծել Ղազախստանի հայ համայնքի կարևոր դերակատարությունը երկրի գիտական, մշակութային, հասարակական քաղաքական կյանքում։ Դեսպանը նախարարին է ներկայացրել Ղազախստանի տնտեսական առաջընթացի ուղղությամբ իրականացված մի շարք ծրագրեր, անդրադարձել տեխնոլոգիական ոլորտում նախարարության հետ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություններին, պատրաստակամություն հայտնել առաջիկայում դրանք առավել զարգացնելու և ընդլայնելու։
Վահագն Խաչատուրյանն ընդգծել է հատկապես տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում Ղազախստանի ունեցած մեծ փորձը, որի շրջանակներում գործակցությունը կնպաստի մեր երկրում այդ ոլորտի զարգացմանը։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում երկու նախարարների միջև նախատեսվող առցանց հանդիպման ընթացքում առավել գործնական քննարկել նախանշված համագործակցության հնարավորությունները։
Կարծիքներ