Երևանում մառախուղի պատճառով որոշ ինքնաթիռներ «Զվարթնոց»-ի փոխարեն վայրէջք են կատարել Թբիլիսիում

Երևանում մառախուղի պատճառով որոշ ինքնաթիռներ «Զվարթնոց»-ի փոխարեն վայրէջք են կատարել Թբիլիսիում

Երևանում խիտ մառախուղի և ցածր տեսանելիության պատճառով դեպի «Զվարթնոց» ուղևորվող մի շարք չվերթներ իրականացնող ինքնաթիռներ այլ օդանավակայաններում են վայրէջք կատարել։ 

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանը։

Բացի FlyOne-ի Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռից, Թբիլիսիի օդանավակայանում է վայրէջք կատարել Red Wings-ի Նիժնի Նովգորոդ-Երևան չվերթի օդանավը։ Utair-ի Տյումեն-Երևան չվերթի ինքնաթիռը Միրելանիե Վոդի է ուղևորվել, իսկ «Հայկական ավիաուղիներ»-ի Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռն էլ վայրէջք է կատարել Գյումրիում։

Այս պահին «Զվարթնոց»-ի երկնքում մի քանի ավիաընկերությունների ինքնաթիռներ են պտտվում՝ սպասելով եղանակային պայմանների բարելավմանը։

Ըստ «Զվարթնոց» ավիաընկերության էլեկտրոնային չվացուցակի՝ ուշացում է նշված Շարմ էլ Շեյխ-Երևան (Air Cairo), Լառնակա-Երևան (Wizz Air), Շարժա-Երևան (Air Arabia), Աբու Դաբի-Երևան (Wizz Air), Դուբայ-Երևան (Fly Dubai) չվերթների համար։

Մողրովյանի խոսքով՝ «Զվարթնոց»-ում արդեն վայրէջք է կատարել  Շարմ էլ Շեյխ-Երևան չվերթը։ Նրա խոսքով՝ ամեն ինչ արդեն կարգավորվում է, և սպասվում է, որ մնացած թռիչքներն էլ վայրէջք կկատարեն օդանավակայանում։

Ավելի վաղ հայտնել ենք, որ մառախուղի պատճառով ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել Զվարթնոց օդանավակայանում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում