Բանակում ինքնասպանությունների դեպքերի 85-90 տոկոսը կապված է 3 իրավիճակների հետ. Փաշինյան
Կառավարության ճեպազրույցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է բանակում ինքնասպանությունների հիմնական երեք պատճառները։
Նրա խոսքով՝ առաջին պատճառը խաղադրույքներն են, դրանց հետևանքով առաջացած պարտքերը և դրանք մարելու անկարողությունը։
«Այս ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել, որպեսզի արգելվի զինծառայողների կողմից խաղադրույքների կատարումը, սակայն համակարգը դեռ ներդրման փուլում է։
Այս երևույթի մասին ես գիտեմ դեռ Կոշի քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակներից։ Պարտադիր չէ, որ մարդն իր հեռախոսով խաղադրույք կատարի. կան ստվերային դիլերներ, որոնք հեռախոսով, բանավոր պայմանավորվածությամբ խաղադրույքներ են ընդունում։ Եթե շահել ես, շահումը տալիս են, բայց եթե պարտվել ես, պարտքը փորձում են վերադարձնել բոլոր հնարավոր միջոցներով։ Ինքնասպանությունների պատճառներից մեկը հենց սա է», - ասել է վարչապետը։
Երկրորդ պատճառը, ըստ Փաշինյանի, զինծառայողների ընտանեկան և անձնական խնդիրներն են, որոնք նրանք ունենում են դեռևս քաղաքացիական կյանքից։
Երրորդ պատճառը կապված է մարտական դիրքերում հերթապահության ընթացքում քնելու հետ։
«Հայաստանյան ռեփ երգերից մեկում կա տող՝ «Ես դիրքում քնող չեմ եղել»։ Կողքից լսողը կարող է չհասկանալ, թե ինչու է դա կարևոր։ Բայց եթե դիրքապահը քնում է, վտանգի տակ է դնում մյուսների կյանքը։ Երբ նման դեպք է արձանագրվում, այդ զինծառայողը հաճախ ենթարկվում է արհամարհանքի, մեկուսացման և հոգեբանական ճնշման։ Չգիտեմ՝ դա քրեական ենթամշակույթի դրսևորո՞ւմ է, թե՞ անվտանգության հետ կապված գերճնշման հետևանք, բայց նման վերաբերմունքը կարող է ծանր հետևանքներ ունենալ», - նշել է վարչապետը։
Նրա գնահատմամբ՝ բանակում ինքնասպանությունների դեպքերի շուրջ 85-90 տոկոսը կապված է հենց այս երեք գործոնների հետ։
Լրագրողի հարցին, թե բանակի ղեկավարությունն արդյոք պատասխանատվություն չի կրում այս իրավիճակի համար, Փաշինյանը պատասխանել է. «Ես ունեմ այդ պատասխանատվությունը, պետք չէ այն ամբողջությամբ բանակի ղեկավարության վրա դնել։ Ես եմ պատասխանատու, որ մինչ այժմ չենք կարողացել գտնել խնդրի լուծումը։ Հենց այդ պատճառով էլ մեր ծրագրերում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում քրեական ենթամշակույթի հաղթահարմանը, աշակերտների ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածությանը, ինչպես նաև աշխարհայացքի ընդլայնմանը»։


Կարծիքներ