ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի պեղման աշխատանքներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ Կոտայքի մարզի Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի տարածք՝ ծանոթանալու իրականացվող պեղման աշխատանքներին: Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Հատիս լեռան տարածքում պեղումները մեկնարկել են հունիսի 1-ից. աշխատանքներն իրականացնում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը, որի կազմում ընդգրկված են հայ և իտալացի 6 հնագետներ (ղեկավարներ` Արթուր Պետրոսյան և Ռոբերտո Դան):
Ըստ աղբյուրի՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է աշխատանքների ընթացքով, մասնագետներին հարցեր ուղղել գտածոների մասին: Նախարարն ընդգծել է, որ պեղումների ընթացքում մեծ աշխատանք է արվել՝ նկատելի արդյունքներով, և հույս է հայտնել, որ ավարտն ավելի գոհացուցիչ կլինի:
«Այս տարածքը և պեղումներից ձեռք բերված յուրաքանչյուր գտածո մեր պատմական արժեքներն են, որոնք պահպանելու և զարգացնելու համար յուրաքանչյուրս մեծ անելիք ունենք։ Կարծում եմ, պեղումների արդյունքներն արդեն թույլ են տալիս մտածելու ամրոցի և դրա նոր բացված պատերի ամրակայման և վերականգնման մասին»,- ասել է նա:
Արշավախմբի ղեկավարը՝ Արթուր Պետրոսյանը նախարարին ներկայացրել է պեղման աշխատանքի մանրամասները՝ սկսած ամրոցի տեղադիրքից. «Ամրոցը գտնվում է Հատիսի կոնաձև գագաթին։ Հաշվի առնելով պեղման ենթակա տարածքի խիստ ընդարձակ մակերեսը՝ «Հատիսի ամրոցի» հետազոտվող տարածքը բաժանվել է 10x10 մ չափերով քառակուսիների»:
«Հիշեցնենք, որ այս պահին ձեռք բերված տվյալները թույլ են տալիս հնավայրը թվագրել բրոնզ երկաթեդարյան, անտիկ և միջնադարյան ժամանակաշրջաններով։ Հայտնաբերված հնագիտական գտածոների մեջ առանձնանում են տարբեր ժամանակաշրջանների խեցանոթների օրինակներ, օբսիդիանից բրոնզեդարյան նետասլաքների օրինակներ, երկաթից նիզակի ծայր, տարբեր քարերից, երկաթից և բրոնզից պերճանքի առարկաներ, գլանաձև կնիք (հավանաբար մ․թ․ա 5-րդ դար) և Ալեքսանդր Մեծի պատկերով արծաթյա դրամը։
Հատիս լեռան վրա պեղումները շարունակվում են. ավարտը նախատեսվում է օգոստոսի վերջին։
Նշենք, որ պեղումներն իրականացվում են 2023 թ․ մարտ ամսին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև կնքված հուշագրի հիման վրա»,- հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Կարծիքներ