Այն, ինչ ասաց Գերմանիայի կանցլեր Շոլցը, Ալիևի համար սառը ցնցուղ էր, պատերազմ չսկսելու զսպիչ գործոն. Գրիգորյան
«Ադրբեջանը փորձում է իրականացնել «բառադի» կամ «վայրենի» դեմարկացիա այն ուղղություններով, որտեղ ուզում է մի քիչ առաջ գալ կամ վիճարկում է սահմանը»:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ խոսելով վերջին շրջանում տարբեր ուղղություններով իրականացվող ադրբեջանական սադրանքների մասին:
Անդրադառնալով Երասխի դեպքերին՝ վերջինս նկատում է, որ այստեղ երկու գործոն կա. «Առաջինը՝ Տիգրանակերտի, անկլավի գործոնը, երկրորդը, բնականաբար, կառուցվող մետալուրգիական կոմբինատի, քանի որ նրանք չեն ուզում, որ Հայաստանի սահմանամերձ շրջանները զարգանան»:
Խոսելով այն մասին, որ Երասխում այսուհետև հայկական դրոշի հետ բարձրացվելու է նաև Միացյալ Նահանգների դրոշը՝ քաղաքագետը կարծում է, որ այս կերպ գոնե այդ գործարանի նկատմամբ որոշակի կսհմանափակվի Ադրբեջանի ախորժակը:
«Իմ կարծիքով՝ չեն համարձակվի կրակել: Չեմ կարծում, որ Ալիևը էդքան դուխով է, որ Միացյալ Նահանգների դեմ դուրս գա: Ի վերջո, Հնդկաստանի երկու քաղաքացիների վիրավորվելը լուրջ բան է, Հնդկաստանն էլ այսօր չէ, վաղը կարձագանքի: Սա միանշանակ հետևանքներ կունենա և արդեն ունեցավ. Պետդեպարտամենտի հայտարարությունը, Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարությունը, որին Բաքուն արձագանքեց և դժգոհություն հայտնեց, Եվրամիությունում քննարկումներ կան սրա հետ կապված»,- ընդգծում է քաղաքագետը:
Հարցին՝ սա կարո՞ղ է լինել նախերգանք՝ ավելի մեծ էսկալացիա սկսելու, Ստեփան Գրիգորյանը պատասխանում է. «Միանշանակ: Ընդհանուր առմամբ փորձում են առաջ գալ փոքր քայլերով, բացի դրանից՝ պատրաստվում են ավելի մեծ քայլերի: Լայնամասշտաբ պատերազմի հնարավորություն չեմ տեսնում, քանի որ կա միջազգային հանրության ուշադրությունը Հարավային Կովկասի վրա, բայց տեղային գործողությունների համար, այո, և՛ ստուգարք է մեր կարողությունների, և՛ միջազգային հանրության արձագանքը ստուգելու ձև»:
Ադրբեջանի այս գործողությունները քաղաքագետը կապում է նաև Էրդողանի վերընտրվելու հետ, որը առաջին պաշտոնական այցով գնացել էր Բաքու և, այսպես ասած, «դուխ» տվել նրանց:
«Պարզ է, որ իրենց դուխը տեղն է, քանի որ և՛ Էրդողանն է աջակցում, և՛ Ռուսաստանը, ու պարզ է, որ ամեն ինչ կարելի է սպասել: Հակարիի կամրջի դեպքը հենց այդ մասին է վկայում: Սակայն այս անգամ Հայաստանն ավելի ադեկվատ է պատասխանում և՛ դիվանագիտական մակարդակով, և՛ շատ կարևոր էր, որ Հակարիի կամրջի հետ կապված մեր սահմանապահները բացեցին կրակ: Նշանակություն չունի՝ ով էր ուղեկցում Ադրբեջանի այդ ահաբեկչական խմբին՝ Պակիստանի՞ խաղաղապահները, թե՞ Ռուսաստանի, կարևորը հոգեբանական պահն էր, և ես ողջունում եմ մեր սահմանապահներին»,- ասում է զրուցակիցը:
Գրիգորյանը նաև նկատում է՝ խաղաղության օրակարգից Հայաստանը չպետք է նահանջի այն բանի համար, որ Ադրբեջանին պետք է պատերազմ:
«Նրանք այսօր ունեն աջակցություն Թուրքիայից, Ռուսաստանից, Պակիստանից, այլ երկրներից, մենք միայնակ ենք: Ոչ մի դեպքում պետք չէ հետ կանգնել այդ օրակարգից, և հետո աշխարհը դա հասկանում է: Օրինակ, երբ Փաշինյանն ասաց, որ ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, աշխարհը հիմա ի՞նչ է ասում Ալիևին՝ չհասկացանք, այս մարդը համաձայնեց ձեր տարածքային ամբողջականությունը ճանաչելուն, ու ճնշում է գնում Ադրբեջանի վրա, քանի որ վերջինս չի համաձայնում նույնիսկ այդ պայմաններին: Ուրեմն առաջինը աշխարհի աչքերում իրենք սխալ են, երկրորդն էլ խաղաղության օրակարգը պետք է առաջ տանենք, բայց զուգահեռ պետք է նոր գործարաններ կառուցել, միջազգային տարբեր անցուդարձերին մասնակցել, նաև ռազմական ոլորտում տարբեր երկրների հետ համագործակցել»,- ասում է քաղաքագետը:
Հարցին՝ այս երկու գերտերություններին՝ Ռուսաստանին ու Թուրքիային ունենալով իր թիկունքում՝ Ադրբեջանին կարո՞ղ է զսպել միջազգային հանրությունը՝ Գրիգորյանը պատասխանում է, որ մասամբ կարող է:
«Ես կասկած չունեմ, որ Ադրբեջանը հիմա կսկսեր լայնամասշտաբ հարձակում Հայաստանի դեմ, որը զսպվում է մի պատճառով՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Եվրամիությունը, Գերմանիան զգուշացնում են հետևանքների մասին: Ալիևը մի քանի օր առաջ գնաց Գերմանիա, Շոլցը նրան երկար-բարակ բացատրում էր, որ պետք է հարգել հայերի իրավունքները ԼՂ-ում: Սառը ցնցուղ ասվածն էր դա Ադրբեջանի համար: Դա մեծ պատերազմի զսպիչ մեխանիզմ է, բայց փոքր հարձակումներ ու պրովոկացիաները Ադրբեջանը կշարունակի»,- կարծում է նա:
Կարծիքներ