Հետախուզվողը ներկայացել է բաժին՝ բերելով սպանության փորձի գործիք ինքնաձիգը
ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 16-ին, ժամը 22.45-ին զանգած քաղաքացին հայտնել է, որ Բագրատունյաց փողոցի մի բակում լսվել է կրակոցների ձայն, հնարավոր է մեքենայից գազի արտահոսք լինի:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից օպերատիվ խումբ է մեկնել նշված վայր: «Շուտով տեղ հասան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ղեկավարներ, քննիչ ու փորձագետ:
Գազի արտահոսք չկար, սակայն պարզվեց, որ անհայտ անձը կրակոցներ էր արձակել բակում կայանված «Լեքսուս» մակնիշի մեքենայի ուղղությամբ, որի մեջ այդ պահին մեքենայատերն էր:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին 4 պարկուճ և գնդակի միջուկի զանգվածի նմանվող 2 առարկա:
Սպանության փորձի և ապօրինի զենք կրելու հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ: Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվեց, որ մեքենայատիրոջ ուղղությամբ իր մոտ պահվող հրազենից կրակել էր մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցի 38-ամյա բնակիչը:
Նրան հայտնաբերելու միջոցառումները, սակայն, մի քանի օր արդյունք չտվեցին, և 38-ամյա տղամարդու նկատմամբ հայտարարվեց հետախուզում, խափանման միջոց ընտրվեց կալանքը: Հունվարի 22-ին, ժամը 15-ի սահմաններում, ոստիկանների բացատրական աշխատանքից հետո հետախուզվողն ինքնակամ ներկայացավ Շենգավիթի բաժին` բերելով նաև հանցագործության գործիք ԱԿ-74 տիպի, առանց գործարանային համարի ինքնաձիգը, մեկ փամփշտակալ և փամփուշտներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ ինքնաձիգը ներկայացվել է քննչական բաժին: Նշանակվել է փորձաքննություն:
Նշվում է, որ արարքի դրդապատճառն ու դեպքի այլ հանգամանքներ նախաքննությամբ պարզվում են:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ