Գիտնականները հուշարձանների չափագրում և ֆոտոգրամետրիա են իրականացրել Արցախում
3D եռաչափ սկանավորման սարքավորումների կիրառմամբ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ), «Թումո»-ի և Գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակիցներն Արցախում 12 պատմամշակութային հուշարձանի չափագրում, ֆոտոգրամետրիա և սկանավորում են իրականացրել: Նյութերը համալսարանը մշակել և փոխանցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը:
Այս մասին հոկտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը:
«Հուշարձանների ցանկը տրամադրել է նախարարությունը: Մասնագետներն աշխատել են ինչպես մեր վերահսկողության տակ, այնպես էլ մեր վերահսկողությունից դուրս գտնվող հուշարձաններում»,- շեշտեց ռեկտորն ու հավելեց, որ աշխատանքները շարունակական բնույթ կկրեն:
Անդրադառնալով համալսարանում պատմամշակութային ժառանգության պահպանությանը նվիրված խնդիրների ուսումնասիրությանը՝ Վարդանյանն ընդգծեց, որ դրանք առանցքային դեր ու նշանակություն ունեն: «Այդ հարցերին վերաբերող առարկաները, թեմայի շուրջ հմտություններ ու գիտելիքներ ձեռք բերելու համար անհրաժեշտ նյութերը ներառված են մեր բոլոր ուսումնական ծրագրերում: Պատմամշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ համալսարանում իրականացվում է մեծ ծավալի գիտական աշխատանք: Կան բազմաթիվ հետազոտություններ, այդ թեմաներով պաշտպանվում են գիտական ատենախոսություններ, իրականացվում են նաև կիրառական նշանակության աշխատանքներ, այսինքն՝ համալսարանի դասախոսները ուսումնասիրում են, կատարում ամրակայման, վերականգնման նախագծեր տարբեր գերատեսչությունների պատվերով»,- պատմեց ՃՇՀԱՀ ռեկտորը:
Նա հիշեցրեց, որ Երերույքի տաճարի վերականգնման աշխատանքների նախագիծն ավարտվել է, և նմանատիպ աշխատանքներ դեռ իրականացվում են:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ ռեկտորն ասաց, որ նախատեսում են համալսարանում ճարտարապետական հուշարձանների վերականգնման և պահպանության առանձին ամբիոն ստեղծել, առանձին ուսումնական ծրագիր: «Կարծում ենք՝ այն կարող է լինել UNESCO-ի հովանու ներքո: Ներկայումս իրականացվում են այս ծրագրի մշակման աշխատանքները, բանավոր որոշակի պայմանավորվածություններ կան: Հավանաբար, 2022-ից ամբիոնը կսկսի գործել, և ավելի համակարգված կիրականացվեն ուսումնական գործընթացն ու գիտական հետազոտությունները»,- եզրափակեց Եղիազար Վարդանյանը:
Կարծիքներ