Քննարկել ենք համավարակի հաղթահարման մեր փորձը. Ավանեսյանն ընդունել է ԱՀԿ ներկայացուցչին
Երկօրյա այցով Հայաստանում է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն դոկտոր Հանս Հենրի Պ. Կլյուգեն: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այս կապակցությամբ Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Առողջապահության նախարարությունում այսօր ընդունել եմ դոկտոր Կլյուգեին` հույս հայտնելով, որ նրա այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա մեր երկրի առողջապահական համակարգի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջև երկարատև գործընկերության համար:
Քննարկել ենք համավարակի հաղթահարման մեր փորձը, ինչպես նաև առողջապահության ոլորտում մեկնարկած հիմնարար բարեփոխումները` առողջապահական ծառայությունների համընդհանուր ծածկույթի ներդրում, առողջության առաջնային պահպանման օղակի, առողջապահական ծառայությունների որակի բարելավում, ծխախոտի դեմ պայքար, արտակարգ իրավիճակներին արձագանքելու պատրաստվածություն, հոգեկան առողջություն:
Անդրադարձել եմ 44-օրյա պատերազմի ողբերգական ու ավերիչ հետևանքներին, տեղահանվածների և գերիների հարցերին: Հանս Հենրի Պ. Կլյուգեն իր ցավակցությունն է հայտնել այս առնչությամբ:
Հանդիպման շրջանակներում ստորագրել ենք Հայաստանի և ԱՀԿ-ի միջև 2022-2023 թվականների Համագործակցության երկամյա համաձայնագիրը, որից հետո պատասխանել ենք լրատվամիջոցների ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին:
Նշեմ, որ ԱՀԿ տարածաշրջանային ղեկավարի երկօրյա այցի շրջանակներում նախատեսված են բարձր մակարդակով մի շարք հանդիպումներ»:
Կարծիքներ