ՄԻՊ-ը հրապարակել է «Ակվատեկ»-ում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները
ՀՀ ՄԻՊ-ը հրապարակել է «Ակվատեկ»-ում տեղի ունեցած՝ հանրային հնչողություն ստացած դեպքի վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները: Այդ կապակցությամբ ՄԻՊ-ի գրասենյակից տեղեկացնում են.
«Վանաձորից Երևան ժամանած՝ հաշմանդամություն ունեցող մի խումբ երեխաների մուտքը «Ակվատեկ» մարզաառողջարանային համալիր արգելելու վերաբերյալ տեղեկությունը սոցցանցերում հայտնվելուց հետո Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմին անմիջապես հանձնարարել է զբաղվել վերոնշյալ խնդրով՝ պատճառները պարզելու համար: Փաստական հանգամանքները պարզելու նպատակով կապ է հաստատվել կողմերի հետ։
Ըստ ներկայացված տվյալների՝ «Ակվատեկ» և «Ջրաշխարհ» ժամանցի վայրերը պատկանում են նույն ընկերությանը։ «Ակվատեկ»-ը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին: Ստացված տվյալները վկայում են նաև, որ այդ օրը հնարավոր չի եղել ապահովել հաշմանդամություն ունեցող ութ անձանց միաժամանակյա մուտքը տարածք և անվտանգ ժամանցը։ Դրանով պայմանավորված՝ վերջիններիս առաջարկվել է օգտվել «Ջրաշխարհ»-ում տրամադրվող ծառայություններից։
Կողմերի հետ Պաշտպանի աշխատակազմի իրականացրած հեռախոսազրույցների, ինչպես նաև համացանցում լրատվամիջոցներին կողմերի հայտնած տեղեկությունների վերլուծության արդյունքում պարզվել է. հաշվի առնելով տարածքի բացօթյա լինելը և եղանակային պայմանները՝ Վանաձորից ժամանած խումբը չի օգտվել «Ջրաշխարհի» ծառայություններից։
Ձեռք բերված տվյալների հաշվառմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ միջադեպի պատճառը ոչ թե հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքն է, այլ ընկերությանը պատկանող «Ակվատեկ» ժամանցի վայրի՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի չլինելը, ինչը Հայաստանի Հանրապետությունում կրում է համընդհանուր բնույթ։
Պաշտպանը՝ որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի՝ 2006 թվականի դեկտեմբերի 13-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկումն իրականացնող պաշտոնատար անձ, բազմիցս անդրադարձել է մատչելիության սկզբունքի ապահովման անհրաժեշտությանը՝ շեշտելով խոչընդոտների և արգելքների բացահայտման և վերացման ուղղությամբ աշխատանքների իրականացման կարևորությունը։
Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ձևավորմանն ուղղված միջոցառումներն իր անմիջական ուշադրության կենտրոնում են։ Աշխատակազմը շարունակում է իրականացնել այս ոլորտի օրենսդրական դաշտի և պրակտիկայի կատարելագործմանն ուղղված աշխատանքներ»։
Կարծիքներ