Գերատեսչություններն ասուլիսների տեսքով ամփոփել են անցնող տարին, նշել ձեռքբերումներն ու խոսել գալիք տարվա անելիքներից

«Անցնող տարվա ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրականացրել է մոտ 170 պաշտոնատար անձի գույքային դրության ստուգում»,- նշել է հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը։ Ըստ նրա՝ նախորդ տարիների համեմատ ավելացել է հայտարարատու պաշտոնատար անձանց և հայտարարագրվող տեղեկությունների շրջանակը։
Նախատեսվում է 2022թ․-ի առաջին կիսամյակի ընթացքում մշակել օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որը, ըստ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանի, նվերների ընդունման արգելքով սահմանված կարգավորումները հնարավորինս կհստակեցնի և կհամապատասխանեցնի միջազգային փորձին։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն էլ վարույթներ է հարուցել ձվի գների, կորոնավիրուսի դեմ ՊՇՌ թեստերի հարցերով. ընթացիկ վարույթները ներկայացնելիս նշել է հանձնաժողվի նախագահ Գեղամ Գևորգյանը և հավելել, որ անցնող տարվա ընթացքում շուկայում հակամրցակցային համաձայնության և գերիշխող դիրքի չարաշահման հարցով որոշում էր կայացվել։
«Տեղի էր ունեցել գերիշխող դիրքի չարաշահում, երբ ձվի գները տնտեսապես ոչ հիմնավոր էին բարձրացել: Տեղի էր ունեցել նաև արկղով ձվի տեղափոխում ավելի փոքր տուփերի մեջ, այսինքն՝ հատիկների կրճատում, որը բերել էր նաև ձվերի գների բարձրացման»,-ասել է Գևորգյանը:
Գևորգյանի տեղեկացմամբ, տարվա ընթացքում քննվել է գերիշխող դիրքի չարաշահման ևս 15 վարույթ, համակենտրոնացման հայտարարագրումների քանակը աճել է՝ դառնալով 26, և չհայտարարագրված համակենտրոնացումներով ունեցել են 11 վարույթ։ Անբարեխիղճ մրցակցության դրսևորումներով ունեցել են 78 վարույթ, 13 վարույթ հարուցվել է պետական գնումների ոլորտում և 4 վարույթ՝ պետական մարմնի հակամրցակցային գործողությունների նկատմամբ։
Հանրակրթության բնագավառում անցնող տարում տեղի են ունեցել էական քայլեր, որ արդեն իրողություն են․ ամփոփիչ ասուլիսի ընթացքում նշել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։ Նա հատկապես կարևորել է կրթության նոր չափորոշիչների պիլոտային ծրագրերը, բարձրագույն կրթական համակարգում և ԱԺ ներկայացրած հանրակրթության մասին օրենքում արված փոփոխությունները։
Դումանյանն ընգծել է նաև, որ արդեն որոշումները կան, և հանրապետությունում կվերանորոգվեն վանքեր, բերդ-ամրոցներ, մշակութային օջախներ, ընթացքի մեջ է անվանի մարզիկների անունները կրող մարզահամալիրների կառուցումը։
Կարծիքներ