Բուլղարիայում պահանջում են երկրի վարչապետի հրաժարականը

Բուլղարիայում պահանջում են երկրի վարչապետի հրաժարականը

Բուլղարիայում հազարավոր մարդիկ երեկ դուրս էին եկել հերթական բողոքի ցույցին` պահանջելով կառավարության հրաժարականը` վարչապետ Բոյկո Բորիսովի գլխավորությամբ, հայտնում է DW-ն: Մայրաքաղաք Սոֆիայում ցուցարարները շրջեցին կենտրոնական փողոցներով` բղավելով «Հրաժարական տուր» եւ «Մաֆիա» կարգախոսները:

Վերջին երեք ամսվա ընթացքում Բուլղարիայում պարբերաբար հակակառավարական ցույցեր են տեղի ունենում: Երկրի կառավարության ղեկավարի հակառակորդների կարծիքով` Բոյկո Բորիսովը ներգրավված է կոռուպցիոն հանցագործությունների մեջ եւ սերտ կապեր ունի օլիգարխների հետ: Նրանք պահանջում են վարչապետի անհապաղ հրաժարականը եւ արտահերթ, արդար ընտրություններ: Բոյկո Բորիսովը Բուլղարիայում ղեկավարում է գրեթե տասը տարի եւ հրաժարվում է վաղաժամ հրաժարական տալ: Նրա կաբինետի ղեկավարի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2021 թվականի մարտին:

Ցուցարարների մեկ այլ պահանջ է Բուլղարիայի գլխավոր դատախազ Իվան Գեշեւի հրաժարականը, որին նրանք նույնպես համարում են ներգրավված կոռուպցիայի եւ այլ անօրինական սխեմաների մեջ: Նախորդ բողոքի ցույցերի ժամանակ հաճած բախումներ էին տեղի ունենում ոստիկանության հետ, միջոցառումներն ավարտվում էին ցուցարարների բազմաթիվ ձերբակալություններով:

Սեպտեմբերի 30-ին Եվրահանձնաժողովը (ԵՀ) զեկույց էր ներկայացրել` ԵՄ անդամ պետությունների ՝ որպես օրենքի գերակայության պետությունների զարգացման վերաբերյալ: Դրանում ԵՀ-ի փորձագետները տագնապով ներկայացնում էին Բուլղարիայում տիրող իրավիճակը` մատնանշելով պետական ​​ապարատի կոռումպացվածությունը, դատարանների` անկախության հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ լրատվամիջոցների ազատության բազմաթիվ խախտումներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում