Սոցիոլոգը նկատում է բնակչության քաղաքական օտարվածության աճ

Սոցիոլոգը նկատում է բնակչության քաղաքական օտարվածության աճ

Հունիսի 20-ին տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին քաղաքացիների մասնակցության ցածր ցուցանիշը, ըստ սոցիոլոգ Գևորգ Պողոսյանի, վկայում է բնակչության մի զգալի մասի «քաղաքական օտարման» մասին: Այս մասին «Հետընտրական Հայաստան. իրողություններ և ակնկալիք» թեմայով, «ուղեղային գրոհ» ձևաչափով անցկացվող համաժողովին ասաց սոցիոլոգ, ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի գիտական ղեկավար, ակադեմիկոս Գևորգ Պողոսյանը՝ «Կորսված հնարավորություններ և վնասված հասարակություն» խորագրով վերնագրված իր ելույթում նշելով, որ Հայաստանի բնակչության կեսը, փաստորեն, անտարբեր է ընտրությունների նկատմամբ:

«Ընդհանուր հետևությունը այն է, որ քաղաքական օտարվածությունը աճել է: Բազմաթիվ մարդկանց համար միևնույն է, թե ով կընտրվի, երբ կընտրվի: Դրա շարունակությունը արտագաղթն է: Որովհետև, եթե մարդկանց չեն հետաքրքրում ընտրությունները, նրանց չեն հետաքրքրում նաև իրենց քաղաքը, իրենց երկիրը: Այս ընտրություններից հետո՝ 4 ամսվա ընթացքում, մոտ 80 հազար մարդ է արտագաղթել: Իսկ եթե տարվա կտրվածքով ամփոփենք՝ կարող է հասնել 150-200 հազար: Սա վնասված հասարակության ամենակարևոր ախտանիշներից մեկը», - ասաց սոցիոլոգը՝ ընդգծելով, որ Հայաստանը այս ընտրություններին էր մոտեցել պատերազմում կրած պարտությունից և կրած մեծ կորուստներից հետո:

Ըստ բանախոսի՝ կարելի է տարբեր ենթադրություններ անել համեմատաբար ցածր ընտրական ակտիվության վերաբերյալ: Առաջին կարևոր գործոնն, ըստ Գևորգ Պողոսյանի, այն է, որ ընտրական իրավունք ունեցող անձանց (18 տարեկան և բարձր) թիվը չափազանցված է:

«Բանն այն է, որ հիմնականում արտագաղթի պատճառով երկրում առկա բնակչության թիվը միշտ ավելի քիչ է, քան պաշտոնապես գրանցված թիվը», - բացատրեց սոցիոլոգը:

Գևորգ Պողոսյանի խոսքով՝ նախընտրական շրջանում արված սոցիոլոգիական հարցումները ցույց էին տալիս, որ ընտրողների 40-45%-ը չեն կողմնորոշվում՝ ում պիտի ընտրեն, և արդյունքում ընտրական իրավունք ունեցողների կեսը չմասնակցեց ընտրություններին: Սա նորանկախ Հայաստանի պատմության մեջ (1990-2021 թթ.) երկրորդ ամենացածր ցուցանիշն է (1,281,997 մարդ կամ ընտրողների 49,39%-ը) 2018 թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների ցուցանիշից (48,63%) հետո: Մինչդեռ մասնակցության միջին թիվը 1990-2018 թթ. կտրվածքով կազմել է 55-58%:

Ընտրության արդյունքների համաձայն՝ մարզերում ընտրողների մասնակցության միջին թիվը կազմել է 50%, իսկ քաղաքներում փոքր-ինչ քիչ՝ 49,72%: Ամենացածր մասնակցությունը գրանցվել է Տաշիր քաղաքում (40,71%), իսկ ամենաբարձր ցուցանիշը՝ Կապան քաղաքում (61,43%): Մարզերի մեջ ամենաբարձր հայտը գրանցվել է Սյունիքում (60,38%), իսկ ամենացածրը՝ Շիրակում (41,24%):

Ինչ վերաբերում է քաղաքացիների քաղաքական նախընտրությանը՝ սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը նշեց, որ չնայած սոցիոլոգիական հարցումները այլ պատկեր էին կանխատեսում՝ «Հայաստան» դաշինք՝ 24,1%, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 23,8%, այդուհանդերձ, Փաշինյանի գլխավորած ուժին հաջողվեց ստանալ ընտրողների ձայների և ԱԺ մանդատների մեծամասնությունը:

Պողոսյանի խոսքով՝ փորձագետները կանխատեսում էին, որ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների ռեկորդային թիվը (25) հաշվի առնելով՝ ընտրությանը կմասնակցեն մեծ թվով ընտրողներ, և դա կապահովի 4 և ավելի ուժերի խորհրդարան անցնելը, ընդ որում՝ նրանցից որևէ մեկը 50 տոկոսից բարձր չի ստանա: Սակայն ընտրությանը մասնակցեց ընտրական իրավունք ունեցողների միայն կեսը:

Իսկ Փաշինյանի կուսակցությունը մեծամասնություն ստացավ շրջաններում հավաքած ձայների շնորհիվ: Երևանում ՔՊ-ի օգտին քվեարկել է ընտրողների 41%-ը:

«Շրջաններում և գյուղերում ընտրողները սովորաբար վատ են տեղեկացված, զրկված են այլընտրանքային հեռուստաալիքներ դիտելու հնարավորությունից և ընդհանուր առմամբ կախված են տեղական իշխանություններից», - ասում է Գևորգ Պողոսյանը:

Սոցիոլոգի գնահատմամբ՝ գործող իշխանություններին հաջողվել է վերարտադրվել վարչական ռեսուրսի օգտագործման միջոցով:

«Միայն քաղծառայողների թիվը 208 հազար է, և եթե նրանց գումարենք բանակը, ոստիկանությունը, հատուկ ծառայությունները և տեղական ինքնակառավարման մարմինները՝ կստացվի մոտ 300 հազար մարդ: Իսկ նրանց ընտանիքների անդամների հետ միասին այդ թիվը կկազմի 500-600 հազար: Փաշինյանի կուսակցության օգտին քվեարկել է 688,761 ընտրող (գրեթե 54%-ը)», - նշեց սոցիոլոգը՝ շեշտելով, որ եթե այս ընտրությունները անցկացներ ոչ թե ՔՊ-ն՝ վարչապետի պաշտոնակատարի գլխավորությամբ, այլ հատուկ ձևավորված չեզոք, ժամանակավոր կառավարությունը, ապա ընտրության արդյունքները այլ կլինեին:

Ինչ վերաբերում է խորհրդարանի նոր գումարմանը՝ Գևորգ Պողոսյանը նշեց, որ 15 տարվա մեջ առաջին անգամ խորհրդարանում քաղաքական ուժերի նոր փոխդասավորություն է ձևավորվել:

«Մեր հասարակությունը հասավ նրան, ինչին ձգտում էր. խորհրդարանում ձևավորվեց ուժեղ ընդդիմություն: Այսպիսի ընդդիմության հետ այդքան հեշտ չի լինի պայմանավորվել, որքան «Լուսավոր Հայաստանի» և ԲՀԿ-ի հետ էր: Ընդհակառակը, արդյունավետ և արգասաբեր աշխատանքի համար հայկական խորհրդարանին պետք է ուժեղ, փորձառու և իրական ընդդիմություն», - ավելացրեց բանախոսը:

«Հետընտրական Հայաստան. իրողություններ և ակնկալիք» թեմայով «ուղեղային գրոհը» կազմակերպել էին «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպությունը և Եվրասիական փորձագիտական ակումբը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում