Մեր դերը պիտի իմանանք․ այս օրերին ՌԴ և ԵԱՏՄ են գնում մեծաթիվ անհրաժեշտ ապրանքներ․ հունիսի 7-ից հարցեր չեն լինի

Մեր դերը պիտի իմանանք․ այս օրերին ՌԴ և ԵԱՏՄ են գնում մեծաթիվ անհրաժեշտ ապրանքներ․ հունիսի 7-ից հարցեր չեն լինի

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն Արմավիրում քաղաքացիների հետ ունեցած հանդիպման ժամանակ անդրադարձել է վերջին օրերին Ռուսաստանի Դաշնություն տարբեր ապրանքների մատակարարումների հետ կապված խնդիրներին։

Նախարարն ընդգծել է՝ խնդիրն այնքան մեծ չէ, որքան ներկայացվում է։ Ավելին, ըստ Պապոյանի, շատ շուտով, հունիսի 7-ից, 8-ից հետո բոլոր առկա հարցերը լուծվելու են։

«Այսօր տարբեր հիբրիդային և ոչ հիբրիդային, խառը հարձակումներ են տեղի ունենում մեր ժողովրդի նկատմամբ, ուզում եմ ասել, որ իրականում ինչքան որ խոսում են խնդիրներից, դրա 5-10 տոկոսը հողի վրա չկա։

Առավոտյան նայել եմ՝ 18 հազար 250 տոննա պտուղ-բանջարեղեն ենք արտահանել, անցյալ տարի այս ժամանակհատվածում էս թիվը եղել 17 հազար 700-ի կարգի, երեկ էլ ահագին մեծ քանակով արտահանել ենք։ Այո, կան հերթեր, որոնք իրենց պատճառներն ունեն։ Իրականում, էս ամեն ինչը մինչև հունիսի 7-ն է, մենք էլ ենք հասկանում, իրենք էլ են հասկանում, հունիսի 7-ից հետո հարցերը լուծվելու են, նման հարցեր չեն լինելու։

Ընդհանրապես, մենք մեր դերը պիտի իմանանք։ Էս օրերին ՀՀ տարածքով ՌԴ և ԵԱՏՄ են գնում բազմաթիվ ապրանքներ, որոնք Ռուսաստանին պետք են ահավոր և մեծ չափերով։ Դա շարունակելու է տեղի ունենալ։ Կան հարցեր, որոնց վերջնարդյունքը հունիսի 7-ն է, երբ որ դուք գնալու եք քվեարկելու խաղաղ, անկախ Հայաստանի օգտին, սեղանի շուրջ Ռուսաստանի Դաշնության և մյուս երկրների հետ հավասար նստող Հայաստանի օգտին, դանից հետո ֆուռերն էլ են գնալու, հարցերն էլ են լինելու»,- ասել է Պապոյանը։

Նախարարը խոսել է նաև ծաղկի արտահանման հետ կապված խնդիրներից ու ծավալներից։ Ապա ընդգծել․

«Ես ձեզ հավաստիացնում եմ, որ հարցերը կլուծվեն, և Նիկոլ Փաշինյանի առաջին շնորհավորողներն էլ կլինեն այն երկրների ղեկավարները, որոնց մասին խոսում էինք»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում