Պատերազմի ընթացքում ադեկվատ պահվածք դրսևորելն էլ է հերոսություն. Մարիամ Պողոսյան
Մարիամ Պողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Կռվի ամբողջ ընթացքում մտքումս մի միտք էր պտտվում. «Եթե այս անգամ էլ ողջ մնանք, պիտի անպայման գրեմ, որ տեղեկանան մեզնով հետաքրքրվող ու չհետաքրքրվողներն ուժեղ կանանց մասին»:
Մեր շուրջը բացասականը չափից շատ ա։ Դրա համար ուզում եմ մի քիչ դրականի մասին պատմել։
Եւ՛ բլոկադան, եւ՛ պատերազմները իմ աշխարհհայացքը շատ են փոխել, բացասական ու դրական երեույթները տարբեր կողմերից դիտարկելու ու վերլուծելու կարողություն են տվել։
Հիմա՝ արկերի պայթունների տակ, սա գրում եմ հրապարակելու հույսով։ ՄԵՐ ԿԱՆԱՅՔ ՈՒԺԻ ՄԱՐՄՆԱՑՈՒՄ ԵՆ։
9 ամիս բլոկադայից հյուծվելուց հետո, պատերազմի ընթացքում ադեկվատ պահվածք դրսեւորելն էլ է հերոսություն։
Ուզում եմ անպայման մորս մասին պատմել՝ միշտ հուսադրող խոսք գտնելու, բայց ոչ սին հույսեր տալու, կարեկցող եւ օգնող։ Պայթյունների ձայնի տակ նա ընտանեկան ջերմ միջավայր էր ապահովել կողքի գյուղերից տարհանված մեր բարեկամների եւ մեզ համար։ Կանայք միացյալ ուժ էին դարձել՝ հանգիստ կյանքի առօրյայի իմիտացիա ստեղծելու համար։ Եւ՛ լվացք անում ձեռքով, եւ՛ կերակուր պատրաստում չեղածից, եւ՛ հանգստացնելու փորձեր անում։
Անպայման պիտի նշեմ նաեւ Իրա ծյոծայի (Իրա Ջիվանյան) մասին։ Բոլոր ճարտարցիները գիտեն նրան, բայց դեռ բոլորը չգիտեն, որ պայթյունների տակ Իրա ծյոծան թոնրի հաց է թխել ժամերով՝ զինվորների համար։ (թարմացված) «Զինադադարից» հետո էլ թխել ու բաժանել է բնակչությանը՝ առանց էլեկտրոէներգիայի ու խուճապահար բնակչությանը։
Ու անպայման մեր բժշկուհու՝ Հասմիկ Ղահրամանյանի ու նրա տնօրինած հիվանդանոցի անձնակազմի մասին պիտի հիշատակեմ։ Էս մարդիկ ուղղակի հրաշք են. իսկական բժշկին վայել ածականները քիչ են նրանց նկարագրելու համար։
Նրանք իմ տեսածն ու իմ շրջապատում եղած մարդիկ են։ Վստահ եմ, որ շատ ու շատ ուժեղ կանայք ունենք՝ թիկունքը պահող ու չհանձնվող, գործող եւ չխանգարող։
Առաջին իսկ հնարավորության դեպքում սա կհրապարակեմ։ Մարդիկ պիտի իմանան, որ նրանց կողքին կան այսպիսի հոգով ուժեղներ եւ փորձեն մի քիչ նմանվել նրանց»։
Կարծիքներ