Պուտինն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մանրամասն քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռազմական գործողությունների հետագա սրումը կանխելու և բանակցությունների շուտափույթ վերսկսումը խթանելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին», - ասվում է հաղորդագրության մեջ: «Ընդգծվել է Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև սերտ համակարգումը շարունակելու պատրաստակամությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մասնակցությամբ», - նշել է Կրեմլը: Բացի այդ, ղեկավարները պայմանավորվել են տարբեր մակարդակներում շփումների մասին: Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները հաստատել են իրենց հետաքրքրությունը ահաբեկչության դեմ պայքարի համատեղ ջանքերն ակտիվացնելու հարցում: Պուտինը ցավակցություն է հայտնել հոկտեմբերի 16-ին Փարիզի արվարձանում տեղի ունեցած ահաբեկչության՝ ուսուցչի բարբարոսական սպանության կապակցությամբ», - ասված է հայտարարության մեջ:
Կարծիքներ