ԵՊՀ-ՈՒՄ միջանկյալ քննությունները չեն չեղարկվի
ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ առաջին ընթացիկ (միջանկյալ) քննությունները կանցկացվեն նոյեմբերի 2-7-ը, իսկ հարգելի հիմնավորում ունեցող բացականերին կընձեռվի հնարավորություն դրանք հանձնելու իրենց համար սահմանված ժամկետում:
Առցանց տեղի ունեցած նիստի սկզբում ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի առաջարկությամբ գիտխորհրդի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին հերոս նահատակների հիշատակը:
Այնուհետև Գեղամ Գևորգյանը պարզաբանեց, թե ինչու է հրավիրվել նիստը՝ փաստելով, որ շաբաթ օրը գիտխորհրդի անդամներին հարցման կարգով ուղարկվել է առաջարկություն՝ փոխելու առաջին ընթացիկ քննությունների ժամանակացույցը:
Նրա խոսքով, ըստ ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի՝ դրանք պետք է անցկացվեն առաջին կիսամյակի 9-րդ շաբաթում: Ըստ այդմ՝ առաջինկուրսեցիների համար այն առաջիկա շաբաթն է, իսկ մյուս կուրսերի ուսանողների համար՝ նոյեմբերի 2-րդ շաբաթը:
«Սակայն այդ դեպքում հստակ չէ, թե երբ է 17-րդ շաբաթը, որի ընթացքում պետք է կազմակերպվեն երկրորդ ընթացիկ քննությունները: Այդ պատճառով առաջարկվել է բոլոր կուրսերի համար առաջին ընթացիկ քննությունները կազմակերպել նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում»,- նշեց Գեղամ Գևորգյանը և ասաց, որ երկուշաբթի գիտխորհրդի 19 ուսանող անդամ դիմում է ներկայացրել՝ քննարկելու ընթացիկ քննություններն այս կիսամյակում չեղարկելու հարցը:
ԵՊՀ գիտական խորհրդի անդամ Դավիթ Մաթևոսյանի պարզաբանմամբ, հաղորդագրությունը, որ ընթացիկ քննությունները կանցկացվեն նոյեմբերի 2-7-ը, շատ ուսանողների կողմից բացասաբար է ընկալվել. «Փաստարկների մեծ մասն առնչվում էր խնդիրներին, որ ուսանողներից շատերը ռազմաճակատում են, մի մասը՝ ապաստարաններում, մյուս մասն էլ օբյեկտիվ այլ պատճառներով չի կարող մասնակցել»:
Նրա խոսքով, այս տեսակետը միակը չէ ուսանողների շրջանում, բայց գերակշռում է, այդ պատճառով ՈՒԽ-ն որոշել է բարձրաձայնել նրանց տեսակետը և հանդես գալ առաջարկությամբ. «Ես կարծում եմ, որ հարցը ոչ թե այն է՝ առհասարակ քննություններ պետք է լինեն, թե ոչ, քանի որ առանց գիտելիքի ստուգման մեխանիզմի կրթության որակն էականորեն անկում է ապրում, այլ այն, թե ինչպես ենք մենք արձագանքում ստեղծված իրավիճակին»:
Ըստ Դավիթ Մաթևոսյանի՝ այս պարագայում երեք տարբերակ կա գործելու. անտեսել բացասական արձագանքները, չեղարկել միջանկյալ քննությունները, որը կբավարարի ուսանողների մտահոգությունները, բայց կխաթարի ուսումնական գործընթացը, և կարելի է գտնել միջանկյալ լուծում, որը թույլ կտա չխաթարել ուսումնական գործընթացը, բայց նաև ինչ-որ կերպ կփարատվեն օբյեկտիվ պատճառներից բխող անհանգստությունները:
Գիտխորհրդի անդամների քվեարկության արդյունքում ուսանողների կողմից ներկայացված առաջարկությունը ներառվեց նիստի օրակարգում, որից հետո Դավիթ Մաթևոսյանը փաստեց, որ շատ կարևոր է հասկանալ, թե ԵՊՀ ղեկավարությունն ինչ է մտածում այս խնդրի վերաբերյալ, ինչ լուծում կառաջարկվի:
ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի խոսքով, արդեն ավելի քան քսան օր է, ինչ մեր հայրենակիցները կատաղի մարտերում անում են ամեն ինչ, որպեսզի պաշտպանեն Արցախի և Հայաստանի ազատությունն ու անկախությունը. «Թիկունքում հազարավոր մարդիկ օր ու գիշեր աշխատում են, իրենց աշխատանքից դուրս իրականացնում են կամավորական աշխատանք՝ ապահովելու ռազմաճակատի ամրությունը»:
Նրա տեղեկացմամբ, որևէ մեկին հայտնի չէ, թե երբ կավարտվի այս մղձավանջը. «Դժբախտաբար մենք ոչ հեռու անցյալում ունեցել ենք նման իրավիճակ: 90-ական թթ. էլի պատերազմ էր, էլի զոհեր, երկրի նյութական վիճակը շատ ավելի վատ էր, չկար էլեկտրականություն, շատ շենքերում չկար ջրամատակարարում: Մարդիկ մոմի լույսի տակ սովորում էին, գիտական աշխատանք գրում, ռազմաճակատի տղաների համար գուլպա գործում և այլ գործեր, ու որևէ մեկի մտքով չէր անցնում դադարեցնել ուսումնական գործընթացը»:
Գեղամ Գևորգյանի կարծիքով, կրթական գործընթացը, որի բաղադրիչ կարևոր մաս է նաև գիտելիքների ստուգումը, չպետք է դադարի: Նա, համաձայնելով Դ. Մաթևոսյանի դիտարկմանը, նշեց, որ այո՛, կան ուսանողներ, որոնք չեն կարող մասնակցել քննություններին և առհասարակ ուսումնական գործընթացին:
Նա առաջարկեց անցկացնել միջանկյալ քննությունները՝ դրանք մեկ շաբաթ հետաձգելով, իսկ այն ուսանողների բացակայությունը, որոնք օբյեկտիվորեն չեն կարող մասնակցել քննություններին, համարել հարգելի:
ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ի հավաստմամբ, այդ ուսանողները հնարավորություն կունենան դիմում ներկայացնելու դեկանատներ, որոնք առանձին-առանձին կքննարկվեն. «Ավելին՝ եթե այդ ուսանողները ցանկանան, բոլոր ֆակուլտետները պատրաստ են նրանց համար կազմակերպել խորհրդատվություններ, որից հետո էլ կհանձնեն քննությունները»:
Բացի դրանից՝ Գեղամ Գևորգյանի խոսքով, գրեթե բոլոր ֆակուլտետներում ընթացիկ քննությունների քանակը կրճատվել է՝ հասնելով նվազագույն երեքի: ԵՊՀ գիտխորհրդի անդամ Նարեկ Մարգարյանի բարձրաձայնած մտահոգությանն էլ ի պատասխան՝ ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ն ասաց, որ դիմումների ստուգումը պետք է միասին իրականացվի:
ԵՊՀ գիտական խորհրդի անդամ Մերի Վարդումյանն էլ բարձրաձայնեց ուսանողների մտահոգությունն այն հարցի վերաբերյալ, թե տեխնիկական խնդիրների պատճառով գրեթե երկու շաբաթ է կազմակերպվել ուսումնական գործընթացը. «Ուսանողներին հետաքրքրում է, թե ինչպե՞ս են հանձնելու միջանկյալ քննությունը»: Գեղամ Գևորգյանը պատասխանեց, որ հարցատոմսերում ներառվելու են միայն հարցերը, որոնք ուսանողներն անցել են:
Նա հորդորեց ուսանողներին բարձրաձայնել այն դեպքերը, երբ ուսումնական գործընթացը պատշաճ չի կազմակերպվում, և պահանջել, որ կրթական ծառայությունները մատուցվեն: Նա նաև բարձրաձայնված խնդրին ի պատասխան ասաց, որ միջանկյալ քննություններին կկարողանան մասնակցել այն ուսանողները, որոնք վճարել են առաջին կիսամյակի ուսման վարձավճարի 25 %-ը: Գեղամ Գևորգյանը չբացառեց, որ օբյեկտիվ հիմնավորումներ ներկայացնելու դեպքում կընդառաջեն ուսանողներին՝ բացառությամբ առաջինկուրսեցիների դեպքում, քանի որ նրանց հրամանագրումը տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ առաջին կիսամյակի ուսման վարձավճարի 25 %-ը վճարվում է:
18 կողմ, 40 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ գիտխորհուրդը որոշեց անցկացնել ընթացիկ քննությունները, իսկ 55 կողմ, 3 դեմ և 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ՝ դրանք անցկացնել նոյեմբերի 2-7-ը:
Գիտխորհրդի առցանց նիստի ընթացիկ հարցի շրջանակում ԵՊՀ գիտխորհուրդն ընդունեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում Մերձավոր արևելյան հետազոտությունների կենտրոն ստեղծելու առաջարկը:
Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի խոսքով, կենտրոնը նպատակ ունի դառնալու հարթակ, որտեղ իրանագիտության, արաբագիտության, թյուրքագիտության ոլորտի ներկայացուցիչները կարող են համատեղ իրականացնել հետազոտություններ՝ ներգրավելով արտաֆակուլտետային, ինչպես նաև արտահամալսարանական մասնագետներին:
Նրա տեղեկացմամբ, կենտրոնի ստեղծման նպատակը տարբեր ուղղությունների համադրմամբ բազմաթիվ խնդիրների դիտարկումն է: Ռ. Մելքոնյանն ասաց, որ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի հետ առկա է նախնական պայմանավորվածություն, որի արդյունքում կտրամադրվի պետական դրամաշնորհային ծրագիր:
Գեղամ Գևորգյանը նշեց, որ Մերձավոր արևելյան հետազոտությունների կենտրոն ստեղծելու որոշումն առաջիկայում կներկայացվի Հոգաբարձուների խորհրդին:
Կարծիքներ