«Մենք երբեք չենք համակերպվի օկուպացիայի հետ». Վրաստանի վարչապետ
Վրաստանը երբեք չի համակերպվի օկուպացիայի հետ: Այս մասին, ինչպես գրում է ekhokavkaza.com-ը, հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ռուս-վրացական պատերազմի 12-րդ տարելիցի կապակցությամբ:
«12 տարի է անցել այն պահից, ինչ մեր երկիրը նորագույն պատմության ծանրագույն օրերը վերապրեց: 2008 թվականի ռուս-վրացական պատերազմին զոհ գնացին մեր հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ, կորցրինք մեր հերոս զինծառայողներին, տարածքներ: Դրանք ողբերգությամբ լի օրեր էին, որ մեծագույն ցավ և ծանր հետևանքներ թողեցին: Մենք երբեք չենք համակերպվի օկուպացիայի հետ», – գրել է Գախարիան իր ֆեյսբուքյան էջում:
Նա ընդգծել է, որ Վրաստանը հակված է հակամարտության խաղաղ կարգավորմանը, և միջազգային հանրությունն աջակցում է երկրին այդ գործընթացում:
Գախարիան նշել է, որ երբեք չեն կրկնելու անցյալի սխալները, քանի որ խաղաղությանն այլընտրանք չկա, և «միայն համատեղ աշխատանքը, տնտեսական առաջընթացը և զարգացումն են Վրաստանի միավորման հիմքը»:
Հիշեցնենք, որ 2008 թվականի օգոստոսին սկսվեց վրաց-օսական, նույն ինքը՝ վրաց-ռուսական պատերազմը, որը հայտնի է նաև որպես «օգոստոսյան պատերազմ»։ Այն տևեց 5 օր և ավարտվեց վրացական կողմի պարտությամբ։ Դրանից հետո ՌԴ-ն ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։
Կարծիքներ