Ինֆորմատիկայի քոլեջի ուսանողները պատրաստում են դրոններ եւ ռոբոտներ . ԿԳՄՍՆ
Երեւանի ինֆորմատիկայի պետական քոլեջում հիմնական մասնագիտություններից մեկը մեխատրոնիկան է: Այս մասնագիտության շրջանավարտներն իրականացնում են ռոբոտատեխնիկայի, բժշկական սարքաշինության, տիեզերական օբյեկտների համար նախատեսված եւ ավտոմատ կառավարման սարքերի, ռոբոտացված եւ ավտոմատ հոսքագծերի նախագծման, շահագործման, փորձարկման ու ծրագրային սպասարկման աշխատանքներ:
«Մեխատրոնիկան համեմատաբար երիտասարդ մասնագիտություն է, բայց՝ բավականին կայացած: Տարիներ շարունակ մեր քոլեջը բարձր գիտելիքներ եւ հմտություններ ունեցող կադրեր է թողարկել այս մասնագիտությամբ, համագործակցել ենք Հայաստանի մի շարք պետական, մասնավոր եւ միջազգային կազմակերպությունների հետ: Մեր հիմնական սոցիալական գործընկերները հանրապետության ճանաչված եւ առաջատար ընկերություններն ու ձեռնարկություններն են, որտեղ պրակտիկա են անցնում եւ հետագայում աշխատանքի տեղավորվում մեր ուսանողները: Օրինակ՝ «Ռոբոտաշինություն» ու «Արեւային էներգիայի համակարգերի շահագործում եւ սպասարկում» նոր մասնագիտացումների գծով դուալ համակարգի պիլոտային ծրագիրն իրականացրել ենք Գերմանական միջազգային համագործակցության միության (GIZ) հետ: Ծրագրի շրջանակում մշակել ենք ռոբոտաշինության կրթական չափորոշիչը, եւ ընդունելություն կիրականացնենք նաեւ այս մասնագիտությամբ»,- նշում է քոլեջի տնօրեն Ռոբերտ Աբրահամյանը եւ ընդգծում, որ քոլեջի շրջանավարտների մեծ մասն ընդունվում է աշխատանքի, սակայն նրանցից 25-40 տոկոսն է աշխատում իր մասնագիտությամբ:
Քոլեջի ուսանողները որպես կուրսային եւ դիպլոմային աշխատանքներ շատ հաճախ ներկայացնում են իրենց պատրաստած ռոբոտները: Այդ ուսանողներից մեկը «Մեխատրոնիկա» բաժնի 3-րդ կուրսի սովորող Հայկն է, ով մեծ ոգեւորությամբ ներկայացնում է ուսանողների պատրաստած արտադրանքը․ «Պատրաստել ենք ռոբոտներ, որոնք կառավարում ենք հեռախոսի միջոցով: Նախագծել ենք նաեւ 3 D պրինտեր, որը զրոյից ենք հավաքել: Այն խիստ անհրաժեշտ արտադրանք է, որովհետեւ դրոնի եւ ռոբոտի դետալներն ամբողջությամբ տպում ենք այդ պրինտերով: Բացի դրանից՝ ստեղծել ենք քոլեջի ավտոմատացված զանգ, որի կաղապարը նույնպես այդ պրինտերով ենք սարքել: Պատրաստել ենք նաեւ զանգի երկրորդ մոդիֆիկացիան. այն աշխատում է բարձրախոսների միջոցով եւ ամեն օր ավտոմատ ազդարարում քոլեջի կարեւոր հաղորդագրությունները, օրինակ՝ դասամիջոցի ավարտին մնաց այսքան րոպե, կրե՛ք դիմակ եւ այլն»:
Սովորողների հաջորդ արտադրանքը պրինտերի նյութն է, որը, ըստ Հայկի, մինչեւ այժմ ստանում էին արտերկրից․ «Ուսանողներով եւ դասախոսներով ներդրում ենք արել, օգնել է նաեւ քոլեջը, եւ համատեղ ջանքերով կարողացել ենք ստեղծել մեր տեղական արտադրանքը, որը բոլորիս ոգեւորել է: Ստեղծել ենք նաեւ մանիպուլյատոր, որն իրեր է տեղափոխում եւ ավտոմատ շրջանցում արգելքներ: Նախագծել ենք նաեւ դրոն, որը լաբորատոր տարբերակ է: Թիրախը տեսնելով՝ սարքը լազերը գցում է վրան, տալիս համապատասխան տվյալները եւ դրոնն ուղղում այդ ուղղությամբ»:
Քոլեջի ուսանողներն իրականացնում են նաեւ տարբեր նշանակության ռոբոտների նախագծում եւ դրանց աշխատանքի կատարման ծրագրավորում, կարգավորում դրանց մասերի աշխատանքը, ապահովում ռոբոտի եւ դրա օգտագործողի անվտանգ աշխատանքը:
Կարծիքներ