Լեհաստանում կորոնավիրուսի սահմանափակումները խստացվել են
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակի բարդացման հետևանքով Լեհաստանում մարտի 27-ից գործելու են նոր սահմանափակումներ, որոնք կշարունակվեն մինչև ապրիլի 9-ը: Հայտարարությունը տեղադրվել է երկրի կառավարության կայքում:
Երկրում աշխատանքները դադարեցնելու են գեղեկցության և վարսահարդարման, դաջվածքի սրահները, մանկապարտեզներից կարող են օգտվել միայն այն ընտանիքները, որտեղ կան բժիշկներ, զինվորներ, ոստիկաններ և հրշեջներ: Մյուս բոլոր դեպքերում երեխաները պետք է մնան տանը, ծնողներին կհատկացվեն հավելյալ նպաստներ:
Սպորտային կենտրոնները հասանելի կլինեն միայն պրոֆեսիոնալ մարզիկների համար:
Ուժի մեջ են մնալու ավելի վաղ հայտարարված սահմանափակումները: Քաղաքացիներին խորհուրդ է տրվում մնալ տանն ու հնարավորության դեպքում աշխատել հեռավար: Ողջ երկրի տարածքում պարտադիր է դիմակների կրումը, ռեստորանները, սրճարաններն ու բարերը միայն առաքմամբ են աշխատում: Արգելված է 5-ից ավել մարդու հյուր ընդունել: Մարտի 20-ից երկրում գրեթե ամբողջական լոքդաուն է, փակվել են մշակութային, սպորտային և հանգստի կենտրոնները, խանութներն ու առևտրի կենտրոնները՝ բացառությամբ մթերային խանութների ու դեղատների: Դպրոցներում հեռավար ուսուցման են անցել:
Քաղաքացիների զգալի մասը դժգոհությամբ է ընդունում կառավարության՝ երկրում լոքդաուն հայտարարելու որոշումը:
Երկրում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է շուրջ 2.2 մլն մարդ, մահացել՝ 51 հազարը:
Կարծիքներ