Լարսի անցակետում խնդիրը հիմնականում եղանակային պայմանների հետ է կապված. նախարար
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձել է Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակման խնդրին: Նրա խոսքով՝ բեռնատարները կանգնած են, սակայն խնդիրը կապված է հիմնականում եղանակային պայմանների հետ:
«Ես ամենօրյա հաշվետվություններ եմ ստանում, թե ինչ է կատարվում Լարսում: Եվ, իրոք, խնդիր կա: Բայց ինձ հավատացնում են, որ այդ խնդիրը հիմնականում կապված է հենց եղանակային պայմանների հետ, իսկապես շատ վատ վիճակ է: Կանգնած են ոչ միայն հայկական մեքենաները, այլ նաև մյուս բոլորը՝ վրացական, թուրքական և մյուսները»,- ասաց նախարարը՝ վստահեցնելով, որ խնդրի վերաբերյալ Էկոնոմիկայի նախարարությունը և ՊԵԿ-ը, որը ներկայացուցիչ ունի Լարսում, ինտենսիվ զբաղվում են՝ նաև շփվելով տնտեսվարողների հետ: Քերոբյանը հույս հայտնեց, որ մոտ ապագայում հարցը կլուծվի:
«Մեզ պետք է, որ այդ սահմանի վրա մեքենաները կանգնեն ոչ այս կողմից, ոչ այն կողմից: Մենք ամեն ինչ անում ենք, որ այդ հարցը լուծվի: Հիմա պլան ենք մշակում, որ հաջորդ տարի այլևս այս խնդիրն ընդհանրապես չունենանք, ունենանք այլընտրանքային ճանապարհ, որը մեզ թույլ կտա եղանակային պայմանները շրջանցել»,- նշեց Քերոբյանը:
Կարծիքներ