Ստեղծում ենք նոր բարեկամություններ, զարկ ենք տալիս հայրենաճանաչությանը․ Վահագն Խաչատուրյան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համահայկական ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկի միջոցառմանը և հանդես է եկել խաղերի բացման խոսքով։
«Սիրելի՛ մարզիկներ, հարգելի՛ հյուրեր և մասնակիցներ,
Ուրախությամբ ողջունում եմ ձեզ Համահայկական ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողության առթիվ:
Այս իրադարձությունը հատուկ նշանակություն ունի մեր ժողովրդի համար, քանի որ այն միավորում է աշխարհասփյուռ հայությանը սպորտի և մրցակցության ոգով:
Հայաստանի հրաշալի ձմեռային բնությունը և լեռնային գեղատեսիլ վայրերը լավագույն միջավայր են ստեղծում այս մարզական տոնի համար: Մեր երկիրը հպարտությամբ է հյուրընկալում աշխարհի տարբեր անկյուններից ժամանած հայ մարզիկներին, ովքեր իրենց մասնակցությամբ նպաստում են հայկական սպորտային ավանդույթների զարգացմանը, ինչպես նաև նոր խթան են դառնում Հայաստան-Սփյուռք կապերի հետագա սերտացման համար:
Համահայկական խաղերը ոչ միայն մարզական մրցումներ են, այլ նաև մշակութային կարևոր իրադարձություն, որը նպաստում է մեր ազգային ինքնության պահպանմանը և ամրապնդմանը: Այստեղ ստեղծվում են նոր բարեկամություններ, ձևավորվում ընկերություններ, զարկ է տրվում հայրենաճանաչությանը:
Հատկապես ուրախալի է տեսնել երիտասարդ մարզիկների ակտիվ մասնակցությունը: Դուք եք մեր ապագան, և ձեր էներգիան ու նվիրվածությունը ոգեշնչում են մեզ բոլորիս:
Ոգևորիչ է նաև տարեց տարի համահայկական օլիմպիական խաղերին մասնակցող պատվիրակությունների քանակական աճը մոլորակի ամենահեռավոր երկրներից:
Հարգելի ներկաներ Համահայկական մարզամշակութային այս տոնակատարության մեկնարկին ընդառաջ մաղթում եմ բոլոր մասնակիցներին արդար մրցակցություն, լավագույն արդյունքներ և անմոռանալի պահեր: Թող այս օլիմպիական խաղերը դառնան հայկական սպորտի պատմության հերթական նշանավոր էջերից մեկը:
Եվ ուրեմն Համահայկական ձմեռային օլիմպիական խաղերը հայտարարում եմ բացված»,- ասել է Խաչատուրյանը:
Կարծիքներ