Արմեն Ղուլարյանի հետ քննարկվել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման հարցը
Շիրակի և Լոռու մարզերում իրականացվող քաղաքաշինական ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն աշխատանքային այց է կատարել Շիրակի և Լոռու մարզեր:
Այցի շրջանակներում Շիրակի և Լոռու մարզպետարաններում կազմակերպվել են հանդիպումներ՝ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և Շիրակի մարզպետի տեղակալ Հովհաննես Զոհրաբյանի հետ: Հանդիպումներին մասնակցել են «Ֆուլեր» տնաշինական կենտրոնի տնօրեն Աշոտ Եղիազարյանը, Կոմիտեի և մարզպետարանների պատասխանատուներ:
Քննարկվել են երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման պետական ծրագրի, ոչ հիմնական շինությունների (տնակներ) խնդրի լուծմանն ուղղված միջոցառումների ժամանակացույցով նախատեսված աշխատանքների և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով սահմանված պարտադիր վճարների և այլ վճարների կատարման նպատակով բանկային հաշիվների բացման ընթացքի հետ կապված հարցեր:
Հանդիպումներից հետո կատարվել են շրջայցեր՝ Կոմիտեի պատվիրատվությամբ կառուցվող մի քանի օբյեկտների շինհրապարակներ: Կոմիտեի նախագահը ծանոթացել է Գյումրու «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի, Սպիտակ քաղաքում կառուցվող բազմաբնակարան շենքի շինարարության ու Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի վերակառուցման ընթացքին:
Այցելություն է կատարվել Շիրակի մարզի Մայիսյան և Լոռու մարզի Կաթնաջուր գյուղեր, որտեղ դիտարկվել է անօթևան մնացած ընտանիքների համար պետական ծրագրով կառուցվող շինարարության ընթացքը, Կաթնաջուր համայնքում ուսումնասիրվել է նաև Հիշատակի պուրակի համար նախատեսվող հողամասի տարածքը:
Կարծիքներ