ԱԻՆ-ը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը համագործակցության հուշագիր են ստորագրել

ԱԻՆ-ը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտոր Եղիազար Վարդանյանը Համագործակցության հուշագիր են ստորագրել՝ նպատակ ունենալով ավելի դյուրին դարձնել բուհի և նախարարության միջև գիտատեխնիկական տեղեկատվության փոխանցումը և կողմերի համար առաջնահերթ կարևորություն ունեցող խնդիրների լուծումը:

Անդրանիկ Փիլոյանի խոսքերով՝ «Մեր երկրում չլուծված հարցեր ունենք աղետների ռիսկերի կառավարման, արտակարգ իրավիճակների կանխարգելման, քաղպաշտպանության առումով և նման փաստաթղթերը իրապես կյանքի կոչելու դեպքում մենք լուրջ քայլ կանենք այս շատ կարևոր հարցերի լուծման ուղղությամբ»:

«Բուհի և նախարարության համապատասխան ստորաբաժանումների միջև տարիներ շարունակ որոշակի համագործակցություն եղել է, սակայն հուշագրի ստորագրմամբ մեր համագործակցությունն ավելի համակարգված կլինի, ինչպես կադրերի պատրաստման, այնպես էլ նշված բոլոր ուղղություններով»,- ասել է ռեկտոր Ե. Վարդանյանը:

Համագործակցության ոլորտներից, որպես առաջնահերթություն, նշվել են շենք-շինությունների տեխնիկական անձնագրավորման, սեյսմակայուն շինարարական նորմերի մշակման, արդիականացման և կադրերի վերապատրաստման ուղղությունները:

Ռեկտորը տեղեկացրել է նաև, որ արդյունավետ համագործակցություն է սկսվել նաև Իրանի սեյսմոլոգիայի և սեյսմիկ ճարտարագիտության պետական կենտրոնի հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում