Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանն ուղղվել է 240 մլրդ դրամ
Հայաստանում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման համար միջոցառումների շրջանակում մոբիլիզացվել է 240 միլիարդ դրամ, որից 20 միլիարդը՝ պետբյուջեից:
Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Իմ քայլի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին, թե կորոնավիրուսի հետևանքների մեղմմանը որքա՞ն գումար է ուղղվել:
«Մոտ 240 մլրդ դրամ մոբիլիզացվել է միջոցառումներով, որը պարունակում է վարկային միջոցները: Մի մեծ մասը սուբսիդավորված վարկային պորտֆելն է»,- ասաց Գրիգորյանը:
Նա սուբսիդավորվող վարկերը շատ լավ գործիք համարեց: «Բյուջեից տրամադրված փոխառությունները կազմում են ընդամենը մոտ 20 մլրդ դրամ»,- ասաց փոխվարչապետը:
Մոտ 19 մլրդ դրամ ծախսվել է տնտեսական ուղղվածության միջոցառումների վրա: Իսկ սոցիալական միջոցառումների հանրագումարը կազմել է մոտ 25 մլրդ դրամ:
2020-ին կորոնավիրուսի հետևանքները մեղմելու նպատակով կառավարությունը մշակել էր մի շարք միջոցառումներ՝ աջակցություն տրամադրելով ինչպես քաղաքացիներին, այնպես էլ տնտեսավարողներին: Միջոցառումների շրջանակում տրամադրվում էին նաև սուբսիդավորվող վարկեր:
Կարծիքներ